ԴԱԻՇ-ի գրոհայինները բարբարոսներ են, որոնք փորձում են պատերազմել քաղաքակրթության դեմ

- in Միջազգային

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայում և Իրաքում «պատերազմ է, որը բարբարոսները փորձում են վարել քաղաքակրթության դեմ»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հյուսթոնի Ռայսի համալսարանում կրոնի և արտաքին քաղաքականության հարցերին նվիրված ելույթի ժամանակ:

«ԴԱԻՇ-ը պատասխանատու է խաղաղ բնակչության ցեղասպանության համար, և մենք այդ չարիքի դեմ պայքարը դիտում ենք որպես քաղաքակրթության թեստ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այդ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ը հենվում է ինչպես կրոնական համայնքների հետ ավելի վաղ ձևավորված կապերի, այնպես էլ մուսուլմանական պետությունների առաջնորդների վրա, որոնք կտրուկ դատապարտում են ԴԱԻՇ-ին: «Հնարավոր է՝ մեկը կասի, որ բավարար չէ միայն դատապարտել ահաբեկիչներին,- շարունակել է նա:- Բայց այդ երկրների առաջնորդներն ընդգրկված են ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում: Մենք այդ ահաբեկչական խմբավորման դեմ շատ ճակատներում ենք պայքարում՝ հարվածներ ենք հասցնում նրա առաջնորդների ուղղությամբ, ոչնչացնում ենք նրա ռեսուրսները, վարկաբեկում գաղափարները»:

Քերին նշել է, որ ներկայումս ԴԱԻՇ-ն արդեն կորցրել է նախկինում ունեցած տարածքի մոտ մեկ երրորդի նկատմամբ վերահսկողությունը, իսկ ահաբեկիչների շարքերից գնալով ավելի շատ գրոհայիններ են դասալքում: Միաժամանակ նա խոստովանել է, որ ամերիկացի փորձագետները «դեռևս ոչ մինչև վերջ են հասկացել՝ ինչու են մարդիկ ընկնում այդ խմբավորման ազդեցության տակ»: Նրա խոսքով՝ ներկայումս հիմնական խնդիրը «ոչ միայն այդ ահաբեկչական խմբավորմանը պարտության մատնելն է, այլև աշխարհում այդպիսի խմբավորումների առաջացմանը խոչընդոտող պայմաններ ստեղծելը»:

ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման կողմից զավթված տարբեր օբյեկտների ռմբակոծության ընթացքում ոչնչացվել է մոտ 800 մլն դոլար կանխիկ գումար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքում ԱՄՆ զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Փիթեր Գերսթենը՝ փոխանցում է BBC-ն։

Նա ընդգծել է, որ ամերիկյան ավիացիան բազմիցս հարվածներ է հասցրել շենքերին, որտեղ խմբավորումը կանխիկ գումար է պահել։ Գեներալը չի պարզաբանել, թե որտեղի՞ց է ամերիկացի զինվորականներին հայտնի, թե որքան գումար է ոչնչացվել։

Գերսթենը նաև նշել է, որ այդ միջոցների կորուստը հանգեցրել է խմբավորման շարքերում դասալքության կտրուկ աճի, մոտավորապես մինչև 90 տոկոս, ինչպես նաև նորակոչիկների թվի անկման։

Մոտավոր տվյալներով՝ ԴԱԻՇ-ի բյուջեն գնահատվում է 2 մլրդ դոլար։ 2014 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ԴԱԻՇ-ը ճանաչել էր ահաբեկչական կազմակերպություն, որն ունի նման խմբավորումների շարքում ամենամեծ ֆինանսական պահուստները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20