Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շուրջ առեղծվածային վիճակ է

- in Հրապարակ

Lragir.am. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը աշխատանքային վերջին երկու օրերին չի աշխատել և պարզվում է, որ հայտնի էլ չէ, թե երբվանից կվերսկսի աշխատանքը:

Ապրիլի 28-ին դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում տեղեկություն էր եղել, որ այդ օրը տեխնիկական պատճառներով դեսպանատունը չէր աշխատելու: Սակայն պարզվում է, որ դեսպանատունը չի աշխատել նաև ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին: Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ դեսպանատունը առաջիկայում ևս չի գործի, աշխատակցիները անորոշության մեջ են և չգիտեն, թե երբվանից է վերսկսվելու աշխատանքը: Նաև տեղեկություն կա, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում չէ և հայտնի չէ, թե երբ կգա:

Դեսպանատան մամուլի քարտուղար Նարինե Բեզիրգանյանը մասամբ հաստատել է այս տեղեկությունը. «Հետոյի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այս երկու օրը, այո, մենք ունեինք տեխնիկական խնդիրներ, դեսպանատունը չի աշխատել հինգշաբթի և ուրբաթ օրերին»:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ երկուշաբթի օրը նույնպես դեսպանատունը չի աշխատի, քանի որ բրիտանական բանկերի օրն են նշում. «Իսկ դրանից հետո կգնանք այնտեղ, պարզ կլինի, առայժմ ոչինչ չեմ կարող ասել»:

Իսկ թե ինչ տեխնիկական պատճառներով չի աշխատում դեսպանատունը, Նարինե Բեզիրգանյանը պատասխանեց, որ տեղեկություն չունեն: Ինչ վերաբերում է դեսպանին, ապա նա ասաց, որ դեսպանը մեկ շաբաթ արձակուրդում էր, բայց երեքշաբթի գնալու է դեսպանատուն:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասել է, որ դեսպանատան չգործելու վերաբերյալ տեղեկություն չունի. «Ես նման տեղեկություն այդ պահին չունեմ: Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին տեսել եմ երեկ չէ առաջին օրը, որևիցե նման բան չէր ասում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20