Զինվորական հեղաշրջում Հայաստանում. Հայաստանը ցնցված է ճշգրտված տեղեկություններից

- in Վերլուծական
Zinvor

Երկու հակամարտող երկրի մայրաքաղաք հաղթանակ են տոնում պատերազմից հետո։ Նույնիսկ հանգուցյալ Ջորջ Օրվելի երևակայությունը չէր հերիքի, որ նման բան հորիներ։ Բայց դա կատարվեց Բաքվում ու Երևանում մարտերի դադարեցումից հետո։

Իսկ ի՞նչ արդյունքներ կարելի է ամփոփել իրականում։ Տոնել չարժե, մեր զոհերը քիչ չէին, բայց հայկական կողմը իրավունք ունի հպարտանալ, որ «բլիցկրիգի» մասին հակառակորդի ամպագոռգոռ խոսքերը մնացին բարբաջանք։

Ադրբեջանցիները «փոքրիկ հաղթական պատերազմն» են տոնում, բայց կարող են ուրախանալ միայն, որ խոշոր պարտությունից են խուսափել։ Գրաված մի քանի դիրքերը ռազմավարական նշանակություն չունեն, և եթե Ադրբեջանն ամեն 22 տարին մեկ այսպիսի «հաղթական պատերազմ» վարի, 10.000 տարում նույնիսկ Արցախի շուրջ անվտանգության գոտին չի հաղթահարի ու հասնի երբեմնի ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) սահմաններին։

Առաջին հայացքից նման, բայց նույնքան անհամեմատելի է բանակին աջակցելու ոգևորությունը, հատկապես՝ երիտասարդության, որ կար Երևանում ու Բաքվում։ Բաքուն 20 տարի շարունակ պատերազմի մոլի քարոզչություն է տանում. դիցուք, ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը լուրերի գլխավոր թողարկումը մշտապես սկսում է հաշվարկով, թե քանի տարի, ամիս, օր է, որ հայերը գրավել են իրենց հողերը։

Մինչդեռ Հայաստանում այս նույն 20 տարիներին առաջնային թեմաներ են եղել քաղաքական ազատությունները, մարդու իրավունքները, սոցիալական արդարությունը։

Այդ պատճառով բացառիկ գնահատելի է, որ հայ հասարակությունը պատերազմի առաջին րոպեներից տարանջատեց զինվորին, որը պաշտպանում է հայրենիքը, իշխանությունից, որին լրջագույն պահանջներ էր ներկայացնում։

Այս իմաստով Հայաստանում տեղի է ունեցել «զինվորական հեղաշրջում»։ Հիմա չափանիշներն ավելի խիստ են, պահանջներն իշխանությունից ավելի մեծ։

Եվ հասարակության ու իշխանության փոխադարձ վստահությունը ծայրահեղ անհրաժեշտ է, քանի որ «4-օրյա պատերազմի» արդյունքում ի հայտ եկավ մեր բարեկամների ու թշնամիների իրական պատկերը։

Ամբողջ Հայաստանը ցնցված է ճշգրտված տեղեկություններից, որ, Ադրբեջանին մատակարարելով միլիարդավոր դոլարների զենք, Ռուսաստանը անցյալ ամռանը խոստացած 200 միլիոն դոլարի սպառազինությունը չի տրամադրել Հայաստանին, և «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպությունը նույնիսկ չի ստորագրել գործարքի պայմանագիրը։

Մեկ ուրիշ զարհուրելի տեղեկություն էլ «Նովայա գազետայից» արտահոսեց, որը միայն սոցցանցերում ուշադրության արժանացավ։
«Ադրբեջանի զինված ուժերում կան նաև շատ Տ-72 տանկեր, որոնցից շատերը որակապես ավելի ժամանակակից են դարձել իսրայելցիների կողմից, որոնք 2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո Մոսկվայի խնդրանքով դադարեցրին համագործակցությունը Թբիլիսիի հետ և տարածաշրջանային իրենց ջանքերը կենտրոնացրին Բաքվում»։

Սա նշանակում է, Հովիկ Աբրահամյանը չպետք է խնդրի Դմիտրի Մեդվեդևին «ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտին» պայմանագիրը ստորագրելու հարցում», այլ կոչ անի չլինել աշխարհում միակ պետությունը, որն ամեն ինչ անում է իր դաշնակցին թուլացնելու համար։ Հայ զինվորին համատարած հասարակական աջակցության պայմաններում Սերժ Սարգսյանն էլ, Ադրբեջանին ռուսական մատակարարումներից իր դժգոհությունը հայտնելուց բացի, պետք է դաշնակցային պարտավորությունները հարգելու նոր՝ ավելի բարձր շեմ սահմանի Մոսկվայի համար, հայտարարի հակաքայլեր, որոնք կանի Հայաստանը, եթե ՌԴ-ը չհրաժարվի իր անպատվաբեր գորելաոճից։

Եվ, ամենակարևորը, քանի դեռ սահմանները խաղաղ են, Հայաստանի գործող իշխանությունը պետք է ընտրություն կատարի՝ «զինվորական հեղաշրջմանը» միանա՞լ, թե` ոչ։

Մեր երկրում կա հարաբերական ազատություն, և դրա արդյունքն էր այն ահռելի, անձնվեր աջակցությունը, որ մեր զինվորներին ցուցաբերեց հասարակությունը։ Եվ այժմ իշխանությունը պետք է նոր մակարդակի պատասխանատվությամբ արձագանքի ազատության, արդարության հանրային պահանջներին, որ կուտակվել են երկրում… եթե նույնիսկ Հայաստանում չկա բավականաչափ ուժեղ ընդդիմություն, որ դա պարտադրի։

Դրանք շարքային ներքաղաքական խնդիրներ չեն, այլ զինվորին օգնելու, նրան թիկունքից չխփելու անհրաժեշտություն, երկրի անվտանգության երաշխիքը։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գրող, հրապարակախոս; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20