Թուրքիան շարունակում է գնդակահարել սահմանն անցնող կանանց և երեխաներին

Migracia

Թուրքական սահմանային զորքերը շարունակում են գնդակահարել սիրիացի կանանց և երեխաներին, որոնք փորձում են իրենց երկրում զինված հակամարտությունից թաքնվել թուրք-սիրիական սահմանը հատելով: Այս մասին հայտնում է Times թերթը:

«8 սիրիացի, մեծ մասամբ կանայք և երեխաներ, սպանվել են թուրք սահմանապահների կողմից, երբ լքել են պատերազմից չարչրկված իրենց հայրենիքը: Խումբը փորձել է սահմանով Թուրքիա անցնել մաքսանենգների կողմից օգտագործվող լեռնային ճանապարհով սահմանի արևմտյան ծայրին, երբ թուրքական զորքերը նրանց վճռական պատասխան են տվել՝ կրակելով մարտական փամփուշտներով»,- տեղեկացնում է պարբերականը:

«Նրանք սպանում են անզեն մարդկանց: Այնտեղ մի փոքր աղջիկ կար հրազենային վիրավորումով, և մենք չէինք կարող նրա համար ավելին անել, քան արեցինք մինչև գիշերվա վրա հասնելը: Տարեց տղամարդ և կին են անհետացել: Հնարավոր է՝ նրանց նույնպես սպանել են»,- մեջբերում է Times-ը հալեպցի իրավաբան Աբդմունեմ Քաշքաշի խոսքերը, որը սահմանն անվնաս հատել է:

Թերթը գրում է, որ «կիրակի գիշերն իրագործված սպանությունները վերջինն են եղել դաժան պատահարների ամբողջ շարքում՝ դեկտեմբերից սկսած, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 2 տասնյակ մարդ, և որոնք մատնանշում են Անկարայի սահմանային քաղաքականության արմատական փոփոխությունները»: «Իսկ Թուրքիայի կառավարությունը,- շարունակում է Times-ը,- պնդում է, որ 2011 թվականից հետևում է նույն բաց դռների քաղաքականությանը սահմանին բոլոր սիրիացիների համար ազատ հասանելիությամբ, որոնց կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում»:

Սա սահմանին թուրքական սահմանային զորքերի իրագործած սպանությունների մասին արդեն առաջին հրապարակումը չէ Times-ում: Մարտի 31-ին թերթը հայտնել է, որ «16 ներգաղթյալներ՝ ներառյալ 3 երեխա, պահպանության կողմից սպանվել են անցած 4 ամիսներին, երբ Թուրքիա են անցել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20