Թրամփը և Քլինթոնը իրենց ժողովրդականությամբ մրցակիցներին գերազանցում են 18 և 15 տոկոսներով

- in Ընտրություններ
Donald Tramp

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժողովրդականության մակարդակով իրենց մրցակիցներին գերազանցում են 18 և 15%-ով՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար պայքարում:

Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման կիրակի հրապարակված արդյունքները: Հարցումն անցկացրել է Marist Institute for Public Opinion (MIPO) սոցիոլոգիական ծառայությունը՝ Wall Street Journal թերթի և NBC հեռուստաընկերության պատվերով:

Ուսումնասիրությունն արտացոլում է թեկնածուների ժողովրդականության վարկանիշները փրայմերիզների նախաշեմին, որոնք կանցկացվեն ապրիլի 26-ին միանգամից 5 նահանգներում: Միլիարդատեր Թրամփին աջակցել է հարցվածների 45%-ը, Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզին՝ 27%-ը, իսկ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքին՝ 24%-ը:

Իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին աջակցում է հարցվածների 55%-ը, Սանդերսին՝ 40%-ը:

Հարցումն անցկացվել է ապրիլի 18-20-ին՝ 1305 մարդու մասնակցությամբ:

Ապրիլի 26-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Փենսիլվանիայում, Կոնեկտիկուտում, Դելավերում, Մերիլենդում և Ռոդ-Այլենդում:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրման համար պայքարող Թեդ Քրուզն ու Ջոն Քեյսիքը հայտարարել են, որ պայմանավորվել են համագործակցել ընդդեմ ֆավորիտ Դոնալդ Թրամփի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Երկու թեկնածուների շտաբները հանդես են եկել հայտարարություններով, որոնցում ասվում է, որ առաջիկա փրայմերիզում իրենք միմյանց կզիջեն նահանգները, որոնցում ունեն հաղթանակի առավել մեծ հնարավորություններ։ Այսպիսով՝ Քրուզը կկենտրոնանա Ինդիանայի, իսկ Քեյսիքը՝ Օրեգոնի և Նյու Մեքսիկոյի վրա։

Այդ ռազմավարությունն ուղղված է այն բանին, որպեսզի թույլ չտան Թրամփին ստանալ կուսակցական համագումարի 1237 պատվիրակի ձայն, ինչը կնշանակի հանրապետականներից ԱՄՆ նախագահի թեկնածուի ավտոմատ առաջադրում։

Քրուզի և Քեյսիքի միջև քիչ ընդհանուր բան կա. Տեխասից սենատոր Քրուզը ներկայանում է որպես աջ կրոնական պահպանողական, մինչդեռ Օհայոյի նահանգապետ Քեյսիքը համարվում է միակ չափավոր թեկնածուն, որ մնացել է հանրապետականների նախագահական մրցարշավում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20