Իսկ սահմանին կանգնած զինվորը չի նեղանում, որ չունի հեռադիտակ

- in Կարծիք
Serj Sargsyan

Արցախ այցելած Սերժ Սարգսյանը պարգևատրելով քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին ու սպաներին, հայտարարել է, որ «մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի և սպայի կյանք»:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն այն է, ինչ պետք է հնչի Գերագույն գլխավոր հրամանատարի շուրթերից: Բայց, երբ այդ հայտարարությունը համադրում ենք այս օրերին տարբեր զինծառայողների, քառօրյա պատերազմի տարբեր վավերագիրների շուրթերից հնչած հայտարարությունների հետ, մեղմ ասած կասկած է առաջանում, որ Հայաստանի իշխանության համար թանկ է յուրաքանչյուր զինվորի և սպայի կյանք:

Օրինակ, տեղեկություններ կան, որ ոչ բոլոր դիրքերն են հագեցած գիշերային տեսողության սարքերով, դրանք բավարար չեն եղել, անբավարար են եղել նաև տեխնիկական այլ միջոցներ: Ընդ որում, խոսքը սպառազինության մասին չէ, այլ զինվորի անվտանգության մակարդակը բարձրացնող տեխնիկական միջոցների:

Օրինակ, ըստ տարբեր գնահատականների, գիշերային տեսողության մեկ հեռադիտակը արժե մոտավորապես 2000 դոլար, որակյալը: Ինչքա՞ն արժե Հայաստանի միջին վիճակագրական չինովնիկի ծառայական մեքենան: Խոսքը միջինի մասին է, ոչ թե բարձրաստիճանների: Իսկ այդպիսի մեքենաները մի քանի հարյուր են:

Ծառայական մեքենայի հարցը շատ է շոշափվում, մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանի պետական ու հանրային ռեսուրսը միայն այդտեղ չէ, որ վատնվում է անարդյունավետ: Բայց, դա առավել ցցուն ու զգայուն օրինակն է, որը բացահայտում է, որ Հայաստանի իշխանության համար զինվորի կյանքը եթե թանկ է, ապա ոչ այնքան, որքան չինովնիկի լոյալությունը:

Ի՞նչ կլինի, եթե այդ միջին վիճակագրական չինովնիկը չունենա ծառայական մեքենա: Դրա փոխարեն հնարավոր կլինի դիրքերն ապահովել մի քանի գիշերային տեսողության որակյալ հեռադիտակով, կամ այլ տեխնիկական միջոցով, հագեցնել դիրքերը դրանցով: Կկորի իշխանությանը ծառայելու չինովնիկի էնտուզիազմը: Իսկ դա նշանակում է, որ նա լավ չի կատարի իր պարտականությունը, այսինքն չի աշխատի իշխանության վերարտադրության համար: Ծառայող ձեռքի փոխարեն, նա կդառնա «ուտող բերանե՝ այսինքն կավելանա իշխանության գրպանից մեկ ընտրակաշառք վերցնող: Իսկ այսպես՝ նա կաշառվում է պետական բյուջեի հաշվին:

Իսկ սահմանին կանգնած զինվորը չի նեղանում, որ չունի հեռադիտակ: Որովհետև նա հայրենասեր է: Հերոս, բայց, հայրենասիր լինելուց բացի, նա կդառնա դասալիք, եթե նեղանա ու չծառայի, նրան կսպառնա տրիբունալ: Այսինքն, շատ հստակ ու պարզ է, առօրյա օրինակով, որ իշխանության համար ավելի թանկ է միջին վիճակագրական չինովնիկը՝ այն էլ ոչ թե կյանքը, այլ ընդամենը կոմֆորտը, քան զինվորն իր կյանքով: Իշխանությունը շահագործում է զինվորի հերոսությունը, հպարտությունը, քաջությունը:

Մեծ հաշվով դա շահագործում են բոլոր երկրների իշխանություններն էլ, բայց խնդիրն այն է, թե ինչ գնով, թե ինչ են այդ իշխանությունները տալիս զինվորին կյանքը առավելագույնս անվտանգ դարձնելու համար, որպեսզի դիմացը վերցնեն նրա հերոսությունն ու օգտագործեն իրենց համար: Հայաստանում զինվորի հերոսությունը շահարկում են գրեթե դատարկաձեռն: Դատարկաձեռն այն պատճառով, որ հնարավորությունների ու եղածի հարաբերակցությունը խայտառակ անարդյունավետ է: Եթե եղածը համեմատենք հնարավորությունների հետ, ապա ակնհայտ է, որ կարող էր լինել անհամեմատ ավելին: Եվ չինովնիկների համար էլ կարող էր լինել անհամեմատ ավելի քիչ:

Հետևաբար, ակնհայտ է, որ չինովնիկի արժեքը գնահատվում է ավելի բարձր, քան զինվորինը: Դա նշանակում է, որ զինվորն արժեք չունի, եթե պատերազմող երկրում կա նրա կյանքից ավելի արժեվորվող մեկ այլ բան: Փաստ է, որ կա, կառավարման մի առօրյա ու պարզ օրինակով փաստ: Եթե չկա, ապա զինվորի կյանքի արժեքի մասին հայտարարության փոխարեն, Սերժ Սարգսյանը պետք է ընդամենը մի հայտարարություն կամ հանձնարարություն աներ, օրինակ՝ 10 օրվա ընթացքում առնվազն կիսով չափ կրճատել պետական ծառայողական մեքենաների պարկն ու խնայված փողն ուղղել զինվորներին ու սպաներին:

Դա տարեկան մոտավորապես կես միլիարդ դրամ է՝ կես միլիարդ դրամ տարեկան: Այդպես գոնե զինվորի ու չինովնիկի արժեքը գործնականում հավասար կլիներ, այսինքն Սերժ Սարգսյանի հայտարարությունը գոնե կիսով չափ կլիներ անկեղծ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20