Ինչի՞ վրա եք հրճվում, պարոնայք իշխանավորներ. գուցե դադարե՞ք կեղծ հաղթանակներ կերտել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Eduard Nalbandyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էդուարդ Նալբանդյանի ասուլիսից հետո իշխանական գործիչները և մերձիշխանական լրատվամիջոցները երեկ ցնծության չհիմնավորված այնպիսի մի ալիք էին բարձրացրել, որ թվում էր, թե հաղթել ենք նաև բանակցային սեղանի շուրջ:

Նկատենք, որ ԼՂՀ խնդրի վերաբերյալ Լավրովը երեկ բառացի հայտարարեց. «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն գործի 94թ. զինադադարի մասին պայմանագիրը, որը հանդիսանում է անժամկետ փստաթուղթ, և այն բոլոր կողմերը պետք է հարգեն։ Ռուսաստանն իր ազգային հատկանիշներով և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կանի ամեն ինչ՝ կողմերին աջակցելու համար: Այս փուլում առանց նախապայմանների հրադադարի պայմանները պահպանելուց բացի՝ մենք կարևոր ենք համարում ուշադրության արժանացնել վստահության միջոցների և անվտանգության ապահովման միջոցների ու միջադեպերը քննելու առարկայական կիրառումը՝ ըստ այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2011 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որոնց կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն»:

Իշխանական գործիչները ՌԴ նախարարի խոսքերի առաջին մասը դրոշակ դարձրած ցնծում էին: Սակայն իրականում Լավրովը իր խոսքի երկրորդ մասում փաստեց, որ բանակցային սեղանին դրված է, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը, քանի որ 2011-ին հենց դրա շուրջ են բանակցությունները ընթացել:

Ինչպես հայտնի է՝ Կազանյան փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանի մեղքով տապալվեց, դրա համար ՀՀ-ում փորձ է արվում ներկայացնել իբրև ապացույց, որ փաստաթուղթը մեզ է ձեռնտու: Գուցե խոստովանե՞ք, որ Ադրբեջանն ավելին է ցանկացել ստանալ:

Տեղեկացնենք, որ Կազանյան փաստաթղթով նախատեսվում է ազատագրված շրջաններից 5-ը հանձնել Ադրբեջանին: Այդ փաստաթղթով նախատեսված է շփման գծում խաղաղապահներ տեղակայել՝ հայկական զորքերը հետ քաշելով: Ով և ինչպես է երաշխավորելու, որ օտարներն իրենց կյանքի գնով Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը կապահովեն: Պարոնայք, իշխանավորներ, գուցե դադարեք կեղծ հաղթանակներ կերտելուց և հանրությանը հնարավորություն տաք փոխել և հզորացնել Հայաստանը: Անգամ մեկ թիզ հողի հանձնման մասին մտածելն այսօրվա իրավիճակում ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20