Ինչո՞ւ չեն գործածվել արդիական զենքերը

- in Հասարակություն
Levon Zurabyan

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց իշխանություններին, թե «Ինչու մեր ռազմաճակատի գիծը բավականաչափ ամրապնդված չէր: Քսան տարվա ընթացքում կարելի էր շատ ամուր ռազմաճակատային գիծ ստեղծել: Պետք է հասկանալ, թե քսան տարվա մեջ ինչո՞ւ մենք տեխնոլոգիապես հետ ընկանք Ադրբեջանից, ինչո՞ւ չունենք արդիական սարքավորումներ»:

Նա նշեց, որ եթե մենք արդիական սարքավորումներ ունենայինք, հակառակորդը չէր էլ հանդգնի սկսել նման գործողություններ: Սա, ըստ Զուրաբյանի, կապված չէ մեր բանակի կոմպետենտության հետ, այլ հարցերի հետ է կապված, որն իրենք հետագայում կվերլուծեն:

Լևոն Զուրաբյանը քննադատեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե 1980-ական թվականների զենքերով է կռվում հայկական բանակը. «Հիմա հասկացել է, որ շատ վատ բան է ասել, փորձում են շտկել, ասում են, թե արդիական զենք ունենք, որը չի գործածվել: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ չեն կիրառվել այդ արդիական զենքերը: Կոռուպցիան ու պետական միջոցների վատնումը սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար: Այդ մասին մենք բազմիցս ասել ենք, բայց լուրջ չի ընդունվել: Այսօր մենք դեռ չեն քննադատում, քանի որ մեր հերոսների հուղարկավորության օրերն են, զուսպ ենք խոսում, բայց այս հարցը բարձրացնելու ենք»:

Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահներ տեղակայելու հարցին՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ նախկինում խոսքը գնում էր ԵԱՀԿ կողմից ստեղծվող բազմազգ խաղաղապահ ուժերի մասին: Ինչ վերաբերում է այսօրվա քննարկումներին, ապա ՀԱԿ-ը միանշանակ կողմ է խաղաղապահների տեղակայմանը. «Եթե լինում է կարգավորում, պետք է լինեն խաղաղապահ զորքեր: Դա երաշխիք է գործողությունների չվերսկսման համար: Բա եթե կարգավորման համաձայն հայկական ուժերը պետք է հետ քաշվեն ինչ-որ դիրքերից, պարզ չէ՞, որ չպետք է թույլ տալ այդ տարածքները լցնել ադրբեջանական զորքերով կամ դատարկ թողնվեն: Եթե դատարկ են թողնվում, դա ստեղծում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման վտանգ: Եթե ընդունվում է մեզ համար ընդունելի կարգավորման պլան, դրա անհրաժեշտ բաղադրիչը պետք է լինի խաղաղապահ ուժերի տեղադրումը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20