Ինչու սկսվեց Ղարաբաղյան նոր պատերազմը եւ ինչու է լռում Պուտինը

- in Վերլուծական
Putin Vladimir

Ռուսները եւ շատ այսպես կոչված հայեր բազմիցս հպարտ հայտարարում էին, թե Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ, իսկ Գյումրիի ռուսական բազան կմասնակցի պատերազմին հանուն Հայաստանի շահերի: Հիմա Պուտինը բերանը ջուր է առել եւ լուռ է ինչպես ձուկը:

Ինչո՞ւ պատերազմը սկսվեց, եւ ինչո՞ւ Ռուսաստանը չի կանգնեցնելու պատերազմը: Որովհետեւ դա անհնար է՝ Ադրբեջանին մատակարարված զենքի քանակն արել է իր գործը, եւ հիմա Ռուսաստանը, որը սպասում էր կարճատեւ, կառավարելի պատերազմ, հայտնվել է խղճուկ, անգործունակ երկրի վիճակում:

Ռուսները կարող են մեկնել Բաքու եւ համոզել ազերիներին՝ ընդամենը: Իսկ նրանք, ովքեր Երեւանում պնդում ու վստահեցնում էին, թե Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ եւ հանդես կգա Հայաստանի օգտին, թող մեկնեն ռազմաճակատ: Նրանք ինչ որ այլեւս չեն երեւում հեռուստաէկրաններին ու մամուլում, մնացել են միայն պրո-կառավարական ու պրոռուսական խեղկատակները:

Հիմա ի՞նչ հույս ունեն ռուսները՝ ստանալ ազերիների համաձայնությունը, հակամարտության գոտի մտցնել ռուսական զորքը եւ այնտեղ չթողնել ամերիկացիների՞ն: Ամերիկացիները չեն էլ ձգտում այնտեղ: Նրանք երբեք չեն ասել, որ ի վիճակի են թույլ չտալ պատերազմը: Դա հիմարություն ու սրիկայություն կլիներ: Բացի այդ, ամերիկացիները զենք չեն մատակարարել ազերիներին:

Ներկայում Հայաստանի գլխավոր քաղաքական հարցն այն է, որ երկիրը հայտնվել է միջազգային լիակատար մեկուսացման մեջ, բացառությամբ թղթային դատարկաբանությունից, որը վարում է Էդվարդ Նալբանդյանը տարբեր մայրաքաղաքներում:

Տեղի է ունեցել այն, ինչի մասին ասվել է բազմիցս՝ ամեն ինչի համար պատասխան են տալու երիտասարդները ճակատի առաջին գծում, ոչ թե իշխող ռեժիմի մերձավորները: Ինչպես եւ ենթադրվում էր, Արեւմուտքին հետաքրքիր է ցուցադրել այն, որ Ռուսաստանը պարտվել է եւ պատերազմը, եւ քաղաքական դիրքերը, մնալով կոտրած տաշտակի առաջ:

Հայաստանը վճարում է Ռուսաստանի գործողությունների համար, եւ ոչ ոք նրան օգնության չի գա: Իսկ ինչի՞ համար օգնել Ռուսաստանի վասալին՝ մարդասիրական նկատառումների՞ց: Քաղաքականության մեջ նման բան խիստ հազվադեպ է լինում, բայց երբեք՝ ռուսական շահերի կապակցությամբ:

Սա երկարատեւ պատերազմ է: Եթե ազերիներն այն կանգնեցնեն, տեղի կունենա ներկայիս իշխող ռեժիմի փլուզումը: Այնպես որ, ռուսները բազում շանսեր ունեն ընդունել սեփական անկարողությունը:

Իսկ ինչո՞վ է զբաղված ռուսական ռազմական բազան Գյումրիում, այն կարծես թե պատրաստվում էր պատերազմել Թուրքիայի հետ, պատրա՞ստ է դրան: Երեւի պատրաստ է:

Բայց չէ՞ որ հայտարարվել էր, որ պատերազմի դեպքում ռուսական զորքերը պատրաստվում էին կռվել ազերիների հետ: Հիմա որտե՞ղ են նրանք՝ Մարտակերտո՞ւմ, թե Հադրութում: Ռուսական այդ վախկոտ բանակը կարող է միայն օդային հարվածներ իրականացնել, երբ հակառակորդը չունի ԶՀՀ: Հրաշալի իրավիճակ փորձ կուտակելու համար:

Հիմա կարող են ասել, թե նման զրույցների ժամանակը չէ: Իսկ ե՞րբ է ժամանակը: Լրագիրը տարիներ շարունակ խոսում է այս մասին, եւ ամեն ինչ ավարտվեց պատերազմով ու Պուտինի լռությամբ:

Շատ ոգեշնչող լռություն է: Նա ասելու բան չունի:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20