Ինչ է կատարվում ավտոբուսի պայթյունի գործով

Հայաստանի հասարակությունը սպասում է պատասխանի, թե ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 25-ի գիշերը Երեւանում՝ ավտոբուսի պայթյունը ահաբեկություն էր, թե անզգուշություն եւ դժբախտ պատահար: Մարդկային կորստից բացի, հանրությանը հուզող ամենաառարկայական հարցը դա է, որը առայժմ՝ դեպքից ավելի քան կես օր անց հայտնի չէ:

Դեռ հայտարարված չէ նաեւ, թե ինչ պայթուցիկ է եղել: Առայժմ հայտնի է միայն, որ պայթյունը չի եղել բեկորային, եղել է ալիքային: Քննչական կոմիտեն տեղեկություն է հրապարակել, որ քննչական գործընթացին չվնասելու համար չեն հրապարակվում որոշ մանրամասներ, որ հայտնի են դարձել մինչ այժմ:

Միեւնույն ժամանակ, armtimes.com-ը հայտնում է, որ մինչ այժմ պարզ չէ երկրորղ զոհի ինքնուությունը: Կայքի տեղեկությամբ, որեւէ մեկը նրա համար չի դիմել ոստիկանություն, ինչից եզրակացություն է արվում, որ նա կամ միայնակ է ապրում, կամ տեղացի չէ: Ըստ տեղեկության, նրա մարմինը անճանաչելի է եւ դժվար է ինքնությունն արագ պարզելը:

Այդ ֆոնին արդյոք քննությանը չվնասելու մասին հայտարարությունը նշանակում է, որ դիտարկվող վարկածների թվում է նաեւ այն, որ «դրսում» գուցե կան պայթյունին առնչություն ունեցած անձինք:

Հարցերը իսկապես շատ են, իսկ առայժմ այսպես ասած վերջին պատասխանը տվել է ոստիկանապետը պայթյունից մի քանի ժամ անց, ասելով, որ պայթուցիկ նյութը հավանաբար եղել է աջ կողմի երկրորդ նստարանի հատվածում: Ոստիկանապետը որոշակի այլ բան չէր ասել, թե արդյոք այն գործի է դրվել ինչ որ մեկի օգնությամբ, եղել է ադ նստարանին նստած ուղեւորի մոտ, կամ պայթել է անզգուշաբար, անվտանգության կանոնների խախտման հետեւանքով:

Համենայն դեպս, գիշերը Վովա Գասպարյանի արած հայտարարությունից հետո կարծեք թե իրավիճակը որոշակիացնող այլ հայտարարություններ չեն եղել, իսկ ոստիկանապետի հայտարարությունն էլ տարբեր լրատվամիջոցներում՝ թե հայկական, թե արտերկրի, ունեցել է տարբեր տարածում, այն մոտիվով, որ տեղի է ունեցել ռումբի պայթյուն:

Անկասկած է, որ ինչքան ուշանան պաշտոնական մեկնաբանությունները եւ վարկածները, այդքան խորանալու են հասարակության կասկածները, որ գործ ունենք ոչ դժբախտ պատահարի հետ, ընդ որում, անկախ այն հանգամանքից, որ քրեական գործը հարուցվել է «սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ» հատկանիշով:

Իհարկե, բացառված չէ, որ իրադարձությունների զարգացմանը համընթաց փոխվի նաեւ քրեական գործի հատկանիշը եւ հոդվածը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20