Ինչ է տալու Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը Հայաստանին

- in Մամուլ
Yolyan Levon

«Իրատես դե ֆակտո» թերթի հարցերը Էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանին.

-Պարոն Յոլյան, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման «ճանապարհային քարտեզը», ի վերջո, իրենից ի՞նչ է ներկայացնում:

-Քարտեզի աշխարհագրությունը հետևյալն է. մինչև 2019 թվականը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան 400-կՎ լարումով էլեկտրագծերը. Այրումում կստեղծվի ենթակայան և մշտական կետ` էլէներգիան «բաշխելու» համար, վրացական կողմն այդտեղից կկառուցի 500 կՎ լարումով էլեկտրագիծ` մինչև Մառնեուլ, որտեղ ենթակայանի հզորությունը պլանավորվում է 220 կՎ, ապա շինարարությունը կգնա մինչև Կազբեկ, որից հետո ռուսական կողմը, ավարտելով մեր վրաց գործընկերների հետ պայմանավորվածությունների փուլը, էլեկտրագծի կառուցումը կշարունակի մինչև Մոզդոկ: Սա է ընդհանուր պատկերը:

-Ի՞նչ կշահի այդ «քարտեզից» կոնկրետ հայկական կողմը:

-Նախ ընդգծենք, որ «քարտեզը» ապագային միտված ռազմավարական նշանակության պրոյեկտ է` տնտեսական հնարավորությունների լայն դաշտ, զարգացման լուրջ հեռանկար: Ապա և` այդ պայմանագրով բարձրավոլտ էլեկտրագծերով հոսանք տեղափոխելու հայաստանյան հզորությունները կմեծանան 4-5 անգամ:

-Կա՞ն գոնե մոտավոր հաշվարկներ, թե այդ «մեծացումներն» ինչ թվային տեսք ունեն մեզ համար:

-Միանշանակ:

-Հրապարակայնացման ենթակա՞ են դրանք, թե՞…

-Մինչև 2036-ը էներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման մասին կառավարության որոշում կա` թվայնացված, որոշարկված, թե յուրաքանչյուր տարում` սկսած 2019-ից, որքան էլէներգիա է վաճառվելու Իրանին, որքան` Վրաստանին, 2020-ին` որքան… և այդպես շարունակ: 2019-ից հետո այս պայմանագիրը հնարավորություն է մեր տնտեսության, բյուջեի համար, որպես լուրջ ռեզերվ: Այն բավականին լուրջ զարգացման հարթակ է նաև էներգետիկ համակարգի զարգացման համար:

-Ի դեպ, միջանցքի ողջ «երկայնքի» ներդրումային փաթեթն արդեն իսկ առկա՞ է, թե՞ այդ առումով ևս «ճանապարհային քարտեզ» պետք է գծվի:

-Հայաստանի մասով առկա է. ծրագրերն արդեն իսկ իրականացման փուլում են և մինչև 2018-ի ավարտը` բոլոր ներդրումները երաշխավորված. Մոզդոկ-Կազբեկի կառուցմամբ էլ կձևավորվի ցանցի ամբողջական, այսպես ասած, «տեսքը»:

-Պարոն Յոլյան, նկատենք, որ հանդիպումը տեղի ունեցավ ղարաբաղյան վերջին` քառօրյա պատերազմից մի քանի ժամ անց: Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, ստորագրված պայմանագիրը անվտանգության երաշխիքի կոմպոնենտ ունի՞ իր մեջ, մանավանդ որ քառակողմ երկրներն էլ իրենց հերթին բավականին «բարդ» երկրներ են` այդ առումով:

-Նման խնդիրներ մենք չենք քննարկել, սակայն միանշանակ է, որ էներգետիկ միասնական համակարգն ինքնին նման երաշխիքներ պարունակում է: Պատկերավոր ասած, այն «խաղաղության մասին» պայմանագիր է, որովհետև, երբ որևէ մեկը որևէ կարգի հակամարտության մեջ հայտնվի, կնշանակի` կվնասվեն առաջին հերթին վերջինիս էներգետիկ ենթակառուցվածքները: ՈՒստի պայմանագիրն ուրույն ուղերձ էր ` բոլոր վատ հասկացողներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի տարածաշրջանում:

– Ի դեպ, մի պահ կարծես տորպեդահարվել էր հանդիպումը. մամուլը գրեց, որ սկզբունքային համաձայնություն կա, սակայն կողմերի միջև ժամը «չի համընկնում». կա՞ր նման բան: Մամուլը գրեց նաև` քաղաքական էր պատճառը:

– Բնավ: Հայաստանյան հանդիպման հետ կապված չի եղել և չէր կարող լինել քաղաքական որևէ խնդիր: Խնդիրներ են եղել, այսպես ասած, կազմակերպական մասով` զուտ կողմերի զբաղվածության հետ կապված, որոնք լուծվեցին, և հանդիպումը, ինչպես տեսաք, տեղի ունեցավ հավուր պատշաճի: ՈՒրիշ` ոչինչ:

– Իսկ պայմանագիրն ստորագրելու, քննարկելու ընթացքում Ձեր ռուս և վրացի կոլեգաները հե՞շտ էին շփվում:

-Անչափ:

-Եվ վերջին հարցը. Դուք ասացիք` էներգետիկ-ճանապարհային նոր քարտեզով 2019-ից չորս անգամ կմեծանան մեր էներգետիկ հզորությունները և շուկան: Տա Աստված, որ այդպես լինի, և այնուհանդերձ, հնարավո՞ր է, որ այդ ժամանակ մեր գազի շուկան էլ փոխվի, և մենք ավելի շատ էներգետիկ սպառմանը զարկ տանք, քան գազային, որովհետև առաջինն ինքներս ենք արտադրում, իսկ «մյուսը» ներկրում ենք: Դրանով ազատվելով նաև «այլևայլ» խնդիրներից:

-Մի կողմ թողնելով Ձեր քաղաքական «ակնարկները», տնտեսական մասով ասեմ` չի բացառվում: Տեղեկացնեմ նաև, որ մենք այս ամենին զուգահեռում ենք արևի, քամու, հողմային էներգետիկայի այլընտրանքային ծրագրերը ևս, որպես զարգացման ուղի, այնպես որ` կաշխատենք, կտեսնենք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20