Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա քաղաքական բանակցությունների մասնակից

- in Կարծիք
LGHH

Ադրբեջանը խախտել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը: Չնայած կրակի դադարեցմանը՝ իրադրությունը շարունակում է մնալ անկայուն: Շփման գծում վերջին բախումներին և քաղաքական զարգացումներին են անդրադարձել Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը The Huffington Post –ում հրապարակված իրենց հոդվածում:

Նրանք կարծում են, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է ավելի ինետնսիվ դարձնեն իրենց միջնորդությունը:

«Բանակցային գործընթացում պետք է ներառվեն նաև ԼՂՀ ներկայացուցիչները: ԱՄՆ օրենքը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե այդ երկիրն ագրեսիվ գործողությունների է դիմում: Օբամայի վարչակազմը պետք է կիրառի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որով տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ` ագրեսիայի զսպման նպատակով»,-գրում են հեղինակները:

Դեռևս 1992 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել էր Ազատության աջակցման մասին օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին, եթե այդ երկիրն ագրեսիվ ռազմական գործողություններ է իրականացնում ընդդեմ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի: Հակամարտության ամենասկզբից ԱՄՆ-ի վարչակազմը խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու հանձնառություն է ստանձնել:

«Sառեցված հակամարտությունում» լարվածությունը վերջին տարիներին ավելանում է`նշում են նրանք։ Միջազգային հանրության անգործությունը քաջալերում է Ադրբեջանին դիմելու նոր հարձակումների: Երկիրը վերջին շրջանում 4 միլիարդ դոլար է ծախսել Ռուսաստանից զենք գնելու վրա, որոնք էլ հենց օգտագործվել ԼՂ-ում վերջին հարձակումների ժամանակ:

Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը փաստում են, որ ԼՂ-ում իր սանձարձակությունների ժամանակ Ադրբեջանը միայնակ չի եղել: Ականատեսների վկայություներով` իրանական սահմանին թուրքական զորքեր ու զինտեխնիկա է եղել: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է հայտարարել, որ իրենք աջակցում են Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը «չի վերադարձրել Լեռնային Ղարաբաղը»:

«Ալիևն իշխանության պահպանման համար հենվում է նավթի վաճառքի, խավիարային դիվանագիտության և հիմնարար ազատությունների նկատմամբ իշխանական ճնշումների վրա: Նավթի վերջին գնանկումից հետո Ադրբեջանի տնտեսությունը ևս անկում է ապրում, իսկ ազգային արժույթն արժեզրկվել է… Հայաստանի հետ թեկուզև կարճատև պատերազմի հրահրումը նպատակ ունի ադրբեջանցիների ուշադրությունը շեղել վարչակարգի խախտումներից և տնտեսական անկայունությունից»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանք փաստում են, որ ԼՂ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, նրանք նշում են, որ խումբը պետք է վերականգնի բանակցային լիակատար ձևաչափը` Լեռնային Ղարաբաղը դարձնելով քաղաքական բանակցությունների մասնակից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20