Լեռնային Ղարաբաղում ռազմական իրավիճակը` միջազգային ԶԼՄ-ների առաջին էջերում

- in Մամուլ, Միջազգային
Zinvor

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած թեժ մարտերը լայն արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում:

Al Jazeera-ն գրում է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրում են մեկը մյուսին ընթացող կռիվները սանձահարելու հարցում: Լրատվամիջոցը մեջբերում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ հարձակումները սանձազերծել է Ադրբեջանը, ինչից հետո հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: «Երկու կողմերում էլ կան կորուստներ, սակայն հակառակորդի մարդկային և նյութական կորուստներն անհամեմատ ավելի շատ են»,- նշել է Հովհաննիսյանը:

The Washington Post պարբերականը փաստում է, որ մարտերում զոհվել է 12 ադրբեջանցի զինվոր, իսկ Reuters-ը, սեփական աղբյուրների վրա հենվելով, հրապարակել է ապրիլի 1-ի գիշերը և 2-ի առավոտյան տեղի ունեցած բախումներից կադրեր: Միաժամանակ լրատվամիջոցը մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զսպող հայտարարությունը, որով կոչ է արվում հայկական ու ադրբեջանական կողմերին դադարեցնելու կրակը:

Շփման գծում տեղի ունեցող մարտերի մասին գրել է նաև իրանական մամուլը: Press TV-ն նշել է, որ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ են ունեցել Երևանում ու Բաքվում իրենց գործընկերների հետ:

Հարևան Վրաստանի Georgia Today լրատվականը նշել է, որ Հայաստանը շփման գծում տեղի ունեցող մարտերն ամենամեծն ու լուրջն է համարել հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20