ԼՂՀ ԱԳ նախարարը բանակցությունների հաջողության պարտադիր պայման է համարում Արցախի մասնակցությունը, սակայն Բաքուն Ստեփանակերտին չի ճանաչում որպես հակամարտող կողմ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի  լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: «Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշեց Միրզոյանը:

Հարցին՝ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Դա Արցախի Հանրապետության մշտական դիրքորոշումն է: Այդ հարցը մենք բարձրացրել ենք ոչ միայն երեկվա հանդիպման, այլ նաև շատ այլհանդիպումների ժամանակ: Մենք շարունակելու ենք այդ մասին բարձրաձայնել մինչև այն պահը, երբ Արցախը կվերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ Բաքուն Ստեփանակերտին չի ճանաչում որպես հակամարտող կողմ և պատրաստ է համաձայնագիր ստորագրել միայն Հայաստանի հետ։

«Ապրիլի 5-ին շփման գծում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Բանակցությունների ժամանակ որպես հակամարտող կողմ հանդես է գալիս Հայաստանը, և այսուհետ նույնպես կլինի այդպես։ Բաքուն Ստեփանակերտին չի ճանաչում որպես հակամարտող կողմ և համաձայնագիր է ստորագրում միայն Հայաստանի հետ»,- ասել է Գաջիևը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20