ԼՂՀ ՊԲ 3 զինվորներին գլխատել են և ենթարկել ԴԱԻՇ-ին բնորոշ սահմռկեցուցիչ կտտանքների

Zinvor

Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների:

Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 520 հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների կողմից Եվրոպական խորհրդարանին ուղարկված նամակում:

Հայկ Թորոյանը, հիշեցնենք, մայոր էր, 31 տարեկան, Զինված ուժերում էր 2016 թվականից: Նա զոհվել էր Մատաղիսի դիրքեր զենք տեղափոխելու ճանապարհին, ահռելի մեծ թվով հակառակորդի ուժերի էր դիմակայել և հայտնվել փակուղու մեջ:

Քյարամ Սլոյանը զոհվել էր ապրիլի 2-ի գիշերը: Ազգությամբ եզդի 20-ամյա երիտասարդը, ով կարող էր հետ նահանջել, երբ դեռ հակառակորդն իրեն այդքան մոտ չի եղել, տեսնելով վիրավոր հրամանատարին, փորձել է հասնել օգնության նրան: Հրամանատարը հրահանգել է` հետ գնալ, բայց Քյարամը չի լսել: Հենց այդ պահին էլ մի քանի ադրբեջանցիներ նրան սպանել են, այնուհետ գլխատել՝ իրենց հետ տանելով գլուխը: Հիշեցնենք, երիտասարդին վերահուղարկավորեցին կիրակի օրը, երբ ադրբեջանական կողմը վերադարձրեց նրա գլուխը:

Հրանտ Ղարիբյանը Ստեփանակերտից էր, 69 տարեկան, պայմանագրային, շարքային:

Եվրախորհրդարանին ուղղված կոչում հայկական 2 հանրապետությունների 520 կազմակերպությունները գրել են.

«Անհնար է պատկերացնել որևիցե հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»: Փաստաթղթում նաև նշված է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, և ևս երկու վիրավորված դպրոցականներ մասին։ Նշվում է նաև Արցախի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված, խեղված և սպանված Ղափլանյան (Խալաֆյան) ընտանիքի երեք անդամների դեպքը, որոնց ականջները կտրել էին, նրանց սպանելուց հետո:

«Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև դուրս են ամեն տեսակ քաղաքակրթական նորմերից»,- գրել են 520 կազմակերպությունները և պահանջել

• «խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,

• խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են վերջինիս շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,

• վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են

• կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների լիիրավ կողմ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20