ԼՂ հակամարտությունը չափազանց վտանգավոր է՝ ԱՄՆ-ի կողմից անտեսվելու համար

- in Հրապարակ
USA

Ապրիլի 1-ին ԼՂ հակամարտությունը գրեթե վերաճեց լայնածավալ պատերազմի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Անդրատլանտյան առաջնորդները կոչ արեցին դադարեցնել բռնությունն ու ակտիվացնել կարգավորման ջանքերը, գրեթե ոչինչ ավելին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ի տարբերություն, սկսեց վճռորոշ գործողություններ՝ ամրապնդելու Ռուսաստանի միջազգաին հեղինակությունը և Հայաստանին ու Ադրբեջանին հեռացնելու Արևմուտքից։

Այս մասին The Washington Post-ի իր հոդվածում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

Հոդվածագրին ապշեցրել է ԼՂ հարցով վերջին օրերին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համագործակցության բացակայությունը։ «Մինսկի խմբի ոգով համատեղ գործելու նպատակով միավորման փոխարեն՝ Պուտինը միայնակ գործեց։ Հավանաբար նա ջանում է խափանել ցանկացած վստահություն, որը փոխնախագահ Բայդենը կարող էր ամբարած լինել ԼՂ խաղաղ գործընթացի ակտիվացման համար, երբ նա առանձին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բռնության բռնկումից մեկ օր առաջ»,- գրում է նա՝ հավելելով, որ հավանաբար Պուտինին զայրացրել է այն, որ Սարգսյանն ու Ալիևը մասնակցել են Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին՝ չնայած Ռուսաստանի նախագահի կողմից հանդիպման բոյկոտմանը։

Հարավային Կովկասի բնակիչների համար դժվար է իրադարձությունների համընկնումը որպես զուտ զուգադիպություն դիտարկելը։ Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շատ քիչ էին շահագրգռված այդ աննախադեպ ռազմական բախումներով, քանի որ նրանք փորձում էին Սպիտակ տանը համոզել՝ զբաղվելու ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացով։ Հայերն ու ադրբեջանցիները վաղուց վախենում էին, որ արտաքին դերակատարը կարող է դրդել տեղացի զինվորական հրամանատարի՝ վերսկսելու հակամարտությունը՝ նեղ քաղաքական շահեր հետապնդելով։ Նրանք հիշում են, թե ինչպես 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանն օգտվեց այն առիթից, որ համաշխարհային առաջնորդները տարված են Պեկինում Օլիմպիադայի բացմամբ, ներխուժեց Վրաստան։ Զուգահեռներ են անցկացվում նաև 2014-ի փետրվարին Սոչիի Օլիմպիադայի և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի միջև։

Ցանկացած դեպքում Պուտինն օգտագործում է իրավիճակն ինտենսիվ դիվանագիտության միջոցով, երբ Օբաման համապատասխան հետաքրքրություն չի ցուցաբերում՝ նշում է նա։

Ռուսաստանի իշխանությունների ակտիվ ջանքերով ապրիլի 5-ին հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առանց Մինսկի խմբի համանախագահների ուղիղ մասնակցության։

Այդ գործողությունների միջոցով Պուտինը հաղթում է երկու առանցքային ուղղություններով։ Առաջինը՝ Ռուսաստանը վերականգնում է իր միջազգային հեղինակությունն Ուկրաինայի իրադարձություններից հետո, և երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վրա տպավորություն գործում Հարավային Կովկասում իր դերի վերաբերյալ։

Սպիտակ տան կողմից նման բարեգութ անտեսումը Կրեմլի համար շահագործման հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում, որը կապում է Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Կենտրոնական Ասիան և Կասպյան էներգակիրների մատակարարումները։ Բրայզան գրում է, որ Պուտինը հետապնդեց Մոսկվայի միջնորդությամբ հրադադար՝ ստիպելով Ադրբեջանին միանալ ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իր հակակշիռներին։ Մոսկվան նաև հայտարարեց, որ ռուսական ներքին անձնագրերը կարող են այժմ օգտագործվել Հայաստան ուղևորվող ՌԴ քաղաքացիների համար՝ արդյունավետորեն ջնջելով սահմանը երկու երկրների միջև։ Եվ հիմա Իրանը, որի՝ ԼՂ բանակցություններին միանալու նախկին ջանքերը խափանվել էին, մանևրում է Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համագործակցության եռանկյունի ձևավորելու և ԱՄՆ-ի կողմից թողնված ռազմավարական վակուումը լցնելու համար։ Այս կերպ Հայաստանին և Ադրբեջանին Արևմուտքից հեռացնելով՝ Պուտինը հիմք է դնում ապագա ճգնաժամերի, մինչդեռ Վաշինգտոնը նայում է՝ եզրափակում է Բրայզան։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20