Կես դար անց Շառլ Ազնավուրը կրկին գերեց Բուխարեստը

- in Մշակույթ

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 28-ին բացառիկ համերգով հանդես եկավ Բուխարեստի Սալա Պալատուլուի նշանավոր դահլիճում: Չորս հազար հանդիսականներ հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար արտիստի մուտքը բեմ:

Սկսելով «Գաղթականներ»(Les Emigrants) երգից` Ազնավուրը կատարեց իր նշանավոր հիթերը` «Պետք է գիտենալ»(Il faut savoir), «Իմ սերերը‚ իմ գլխացավանքները»(Mes amours, mes emmerdes), «Ինչպես ասում են»(Comme ils disent), «Երիտասարդություն»(Sa jeunesse), «Դեռ երեկ»(Hier encore), «Մեռնել սիրուց»(Mourir d’aimer), «Նա»(She), «Մամա»(La mama), «Ավե Մարիա»(Ave Maria), «Այսուհետ»(Desormais), «Երկու կիթառ»(Deux guitares), «Բոհեմ»(La Bohème), և տևական ծափահարությունների ու ձայնակցությունների ուղեկցությամբ ավարտեց երեկոն «Տարեք ինձ»(Emmenez-moi) երգով:

«Քանի դեռ խզված ձայնս տեղն է, և միտքս աշխատում է, ես պիտի երգեմ», – ռումինացի հանդիսատեսին խոստովանեց 92-ամյա արտիստը, որը կարծես ճախրում էր բեմում:

Թեև կազմակերպիչներն ազդարարում էին, որ սա Ազնավուրի առաջին և բացառիկ համերգն է Բուխարեստում, իրականում երգիչը դեռևս կես դար առաջ` 1963-ին էր ելույթ ունեցել այստեղ: Այդ մասին համերգից հետո նրան հիշեցրել է Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն` ասելով, թե ինքն այն ժամանակ 14-ամյա պատանի էր: «Բավականին մեծացել եք»,- կատակել է Ազնավուրը:

Հինգշաբթի երեկոյան Ազնավուրին ունկնդրելու էին եկել ոչ միայն տեղի հայերը, այլև շատերը հարևան Մոլդովայից ու Բուլղարիայից, որոնք համերգից հետո խմբվել էին ետնաբեմում` ողջունելու սիրված երգչին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20