Կյանքի 69-րդ տարում մահացել է Հրաչյա Սարուխանը

- in Մշակույթ
grqer

Հայ գրականությունը ծանր կորուստ կրեց. կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից` բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը:

ՀՀ Մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հ. Սարուխանի հուղարկավորության հանձնաժողով` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչությունից:

Հրաչյա Սարուխանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 9-ին ժամը 17-ին` Վանաձորի Մարգարյան նրբանցք – 13 տանը, վերջին հրաժեշտը ապրիլի 10-ին, ժամը 11-ից 13-ը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հուղարկավորությունը՝ բանաստեղծի ծննդավայր Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:

Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Լոռու մարզի Համզաչիման (այժմ` Մարգահովիտ) գյուղում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1983թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացները: ՀԳՄ անդամ է 1978 թվականից: 1990թ. եղել է ՀԳՄ Վանաձորի գրական բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, այնուհետև նշանակվել Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն: Հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների` «Եզրագծեր» (1977), «Հրաշք օրեր» (1981), «Վկայություններ» (1989), «Աստծո առավոտ» (1999), «Ի տրիտուր» (2005) և այլն: Հրաչյա Սարուխանի բանաստեղծությունների առաջին իսկ հրապարակումներն իրենց ինքնատիպությամբ, ասելիքի թարմությամբ, բանաստեղծական արտահայտչամիջոցների բազմազանությամբ նոր խոսք էին հայ պոեզիայի անդաստանում` ջերմ ընդունելության արժանանալով ընթերցողների և գրականագետների կողմից: Անուրանալի է նրա վաստակը նաև թարգմանության ոլորտում: Ռուս և համաշխարհային գրողների ստեղծագործությունների նրա թարգմանությունները աչքի էին ընկնում իրենց բնագրային հարազատությամբ և հայեցի հնչեղությամբ: Թարգմանության ասպարեզում նշանակալի ավանդի համար 2015թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ,,Կանթեղ,, մրցանակին:

Իր հերթին նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով:

Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատվել հայ գրասեր հասարակայնության կողմից: Պարգևատրվել է «Մովսես Խորենացի», Միխայիլ Լերմոնտովի անվան «Գրական վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: «Այլ ժամանակներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա, «Եզրագծեր» ժողովածուն «Տարվա լավագույն գիրք», «Վկայություններ» ժողովածուն Ավետիք Իսահակյանի անվան մրցանակների: 2011թ. արժանացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:

Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունները դեռ երկար կապահովեն նրա ներկայությունը ընթերցողների, գրչընկերների սրտերում և հայ գրականության անդաստանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20