Կռվում ենք մեր հողի համար. BBC-ն առաջնագծում զրուցել է հայ զինվորի հետ

- in Հրապարակ
zinvor

Բրիտանական հեռարձակող BBC կորպորացիան անդրադարձել է ԼՂ-ում վերջին իրադարձություններին՝ առաջնագծում զրուցելով հայ զինվոր Վլադիմիր Արմանի Մկրտչյանի հետ։ Զինվորը նշել է, որ զորակոչվել է բանակ երկու ամիս առաջ, իսկ դիրքերում է արդեն մոտ մեկ շաբաթ:

Պատմելով ադրբեջանական կողմից հարձակման առաջին օրվա մասին` զինվորը նշել է. «Այդ օրը հրանոթների մոտ էինք, պարապմունքներ էինք անցկացնում: Մեզնից քիչ հեռու արկ ընկավ. բնականաբար մոտ 10-15 րոպե խուճապի մեջ էինք, հետո հավաքվեցինք: Մեզ հրաման տվեցին, որ մենք էլ կրակենք»: Վլադիմիր Մկչտչյանն ընդգծել է, որ պատերազմական գործողությունների ժամանակ մարդը լիովին զգում է իր անձի վրա դրված ողջ պատասխանատվությունը:

«Կարող է մի փոքր, օրինակ, շեղում տաս, և դա արդեն 10-15 կմ շեղում կլինի: Այսինքն քո մի փոքր սխալի պատճառով կարող ես արկը գցել հենց քո դիրքերի վրա», ասել է նա:

Զինվորը ներկայացրել է այն վայրը, որտեղ դիրքերում մնում են, վառարանը, որով տաքանում են ու որը, նրա իսկ խոսքերով, իրենց փրկությունն է, քանի որ գիշերները շատ ցուրտ է լինում: Մկրտչյանը փաստում է, որ գիշերները չեն հասցնում քնել, քանի որ ամեն երկու ժամը մեկ հերթափոխ են ունենում: «Իհարկե, մեր դիմաց մեզ նման, մեր տարիքակից զինվորներ են կանգնած: Նրանք էլ մեզ պես մարդիկ են, սակայն պատերազմի ժամանակ կան բաներ, որոնց մասին չես ուզում մտածել, ուղղակի հրաման ես կատարում, քանի որ գիտես, որ այդ պահին դա է ճիշտը: Ինձ համար տարբերություն չկա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված հանրապետություն չէ: Մենք կռվում ենք մեր հողի համար»,- եզրափակել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20