Համացանց են ընկել Էրդողանի, ինչպես նաև Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների տվյալներ

- in Հասարակություն
facebook mobile

Անհայտ ցանցահենները բաց մուտքով հրապարակել են շուրջ 50 միլիոն թուրք քաղաքացիների անձնական տվյալները: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչությունը կազմում է շուրջ 77.7 միլիոն մարդ`համաձայն 2015 թվականի մարդահամարի, հայտնում է Die Welt պարբերականը:

Հրապարակված տվյալները իրենց մեջ ներառում են անուն, ազգանուն, ծնողների անունները, սեռը, ծննդյան ամսաթիվը և վայրը, ինչպես նաև բնակության հասցեն և անձնական համարը:

Ցանցահենները հայտարարել են, որ իրենց գործողությունները ուղղված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ: Նրանք Թուրքիայի բնակիչներին կոչ են արել «ինչ-որ բան անել Էրդողանի հետ», քանի որ «նա քայքայում է երկիրը մինչև անճանաչելիություն»:

«Ո՞վ կարող էր մտածել, որ հետամնաց գաղափարախոսությունը, խնամիությունը և կրոնական ծայրահեղականության աճը Թուրքիայում կարող են բերել տեխնիկական ենթակառուցվածքների քայքայման»,- գրված է հաղորդագրությունում:

Այդ հայտարարության տակ ցանցահենները հրապարակել են Թուրքիայի նախագահի անձնական տվյալները և ընդհանուր տեղեկության բեռնման հղումը:

Թե արտահոսքը որ գրասենյակից է տեղի ունեցել, անհայտ է: Die Welt-ի ենթադրությամբ, տվյալները կարող են վերցված լինել Թուրքիայի ՆԳՆ-ից կամ ընտրացուցակներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20