Համերգ, որ լինում է երեսուն տարին մեկ

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

(կամ չլինել այս համերգին՝ նշանակում է կորցնել մշակութային աննախադեպ իրադարձությանն ականատես և մասնակից լինելու հնարավորությունը)

Հաշված ժամեր են մնացել համերգի սկզբին, որն իր տեսակի մեջ հազվագյուտը լինելով, կայանալու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, և որում ներկայացվելու են բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտների շարքը լրացնող Ֆ. Լիստի հոգևոր և պոետիկ նվագները: Ի թիվս այլ կատարումների՝ հանդիսականը կունկնդրի նաև Մաեստրո Սեդրակ Երկանյանի՝ լիստյան ոգորումների դաշնամուրային <<ընթերցումները>>:

Ապրիլի 27-ին կայանալիք համերգի նախօրեին Հնագույն երաժշտության <<Տաղարան>> համույթի ղեկավար և դիրիժոր Ս. Երկանյանը խոսեց Լիստին անդրադառնալու դրդապատճառների, համերգային ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների և հայ հանրությանն այդ մշակութային ժառանգությանն առնչելու իր որոշման աղբյուրների մասին:

ԻՆՉՈՒ՞ ԼԻՍՏ

Ս. Երկանյան.- Համերգը նվիրված է Լիստի ծննդյան 205-ամյակին: ՀՀ Մշակույթի նախարարության՝ ամիսներ առաջ ներկայացրած հոբելյանական ցանկում ընդգրկված էր նաև Լիստի անունը: Ես անմիջապես որոշեցի, որ այս հոբելյանին կմասնակցենք, որովհետև նրա ստեղծագործությունների մեջ ամփոփված այն մտքերը, գաղափարները, որ տարիներ շարունակ ինձ հուզել էին՝ սկսած դեռ ուսանողական տարիներից, գալիս էին խաչվելու և համերգային տեսքով ի վերջո իրականություն դառնալու: Մանավանդ այն Լիստին, որին մեր հանրությունը թե՛ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, թե՛ առավելապես հիմա ծանոթ չէ: Պատճառները. թերևս Խորհրդային Միության ժամանակ մեծ հանդգնություն կլիներ ինչ-ինչ արգելքների պարագային Լիստի հոգևոր երաժշտությամբ հանդես գալու. ոչ միայն մեզանում՝ Հայաստանում, այլև Խորհրդային ողջ տարածքում չէին խրախուսվում հոգևոր երաժշտության համերգները: Լիստի ժառանգության հսկայական մասը կազմել է հոգևոր երաժշտությունը, իսկ ինքն իր կյանքի երիտասարդական կիզակետին հասնելուց հետո դուրս եկավ աշխարհիկ կյանքից և, պայմանականորեն հագնելով աբեղայի սքեմը, նվիրվեց հոգևոր կյանքին, հոգևոր արժեհամակարգով ապրելու, արարելու հավատամքին: Եվ որքա՜ն ստեղծագործություններ է գրել այդ տարիների ընթացքում՝ փոքրագույն խորալներից սկսած մինչև օրատորիաներ…

Այդ հսկայածավալ հոգևոր համայնապատկերից ընտրել ենք մի քանիսը՝ երկու փոքր խորալ և երկու անսամբլային ստեղծագործություն, որոնց կատարման համար հրավիրել ենք մեր համերգին մասնակցելու <<Նշխարք>> վոկալ անսամբլին՝ Հեղինե Օհանյանի ղեկավարությամբ:

Համերգին կհնչի նաև Լիստի դաշնամուրային, վոկալ ստեղծագործություններից, որոնք կրկին մեզանում՝ Երևանում, չեն հնչել կամ հազվադեպ են հնչել:

ԼԻՍՏԸ՝ ՆՈՐԱՐԱՐ, ԳԵՂԱԳԵՏ, ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐ ԵՎ ԻՄԱՍՏԱՍԵՐ

Ս. Երկանյան.- Եվ դարձյալ՝ ինչու՞ հատկապես կանգնեցի Լիստի հոբելյանական տարեթվի վրա: Այն որ մեր երաժշտասեր հասարակությանը ծանոթ է Լիստի դաշնամուրային ստեղծագործություններին և գրեթե ծանոթ չէ իր հոգևոր երկերին,- սա դեռ հարցի մեկ կողմն է: Ամբողջ կարևորությունը Լիստին անդրադառնալու նրանում է, որ Լիստը՝ որպես անհատ, որպես երևույթ, եզակի է XIX դարի եվրոպական ռոմանտիզմի ողջ կտրվածքում: Եզակի է, նախ, իր հանճարի թափով: Երկրորդ, իր՝ որպես արվեստագետ, խիզախությամբ, ռոմանտիզմի մեջ նորարար, որպես գաղափարակիր, որպես հսկայական գեղագետ՝ ի վերուստ տրված իմաստասերի հանճարով: Լիստն ապրել է մի ժամանակաշրջան, երբ Եվրոպան լեցուն էր հանճարեղ պոետներով, նկարիչներով, երաժիշտներով, կատարողներով, և նա իր ունակությունների, հեղինակության շնորհիվ որքա՜ն մեծ մարդկանց, երևույթների է կարողացել իր շուրջը համախմբել: Մարդ, որ այսքան բան ամփոփելով իր մեջ, նաև ստանձնել է օպերային թատրոնի ղեկավարի պաշտոն: 12 տարում նա Վայմարի թատրոնում վերաբեմադրել է 24 ներկայացում (սա նշանակում է արտիստին սովորեցնել այլ տեսանկյունից երգել ու խաղալ այդ ներկայացումը): Բեմադրել է մի քանի նոր օպերաներ: Սա նշանակում է՝ գործ ունենալ արտիստական խմբի հետ՝ ռեժիսուրա, նկարչություն, հեղինակներ, թշնամիներ, ներքին ինտրիգներ, արքունական բարերարություն կամ ընդհակառակը: Ահռելի մարդուժ և էներգիա է պետք՝ այս ամենն իրականություն դարձնելու: Նա անգամ, չընկրկելով, իր հեղինակությունը դրել է կասկածի տակ՝ խիզախություն, համառություն ունենալով բեմադրելու այն հեղինակի օպերան, որի մասին հակասական կարծիքներ են եղել: Այս ամենը գալիս, ավելացնում է նրա չափերը, ահռելիությունը:

<<ԼԻՍՏԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ԵՄ ՏՎԵԼ ՄԵԶԱՆՈՒՄ>>

Ս. Երկանյան.- Ես սովորաբար ընտրում եմ այն հեղինակներին, որոնց հետ ինչ-որ ներքին կապ թե նմանություններ, իրենց ապրումների, իրենց կյանքի ինչ-ինչ դրվագների մեջ զուգահեռներ եմ տեսնում: Նաև այդ պատճառով եմ անդրադառնում իրենց: Շատ կոմպոզիտորների եմ նվագել, շատերին եմ սիրում, աստվածացնում… Բայց կան ոմանք, որոնց համար ես մեզ մոտ, կարծես, կռիվ տված լինեմ: Դրանց շարքում նաև Լիստն է:

<<ՈՐՔԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ, ԱՆՑԱՆԿԱԼԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵՆՔ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԼԻՆԵՆՔ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ՄԵՐ ՔՆԱՐԸ ՉՊԵՏՔ Է ԼՌԻ>>

Ս. Երկանյան.- Աշխարհն այնպիսին չէ, որ միայն մեր երազանքներով, մեր ցանկություններով, մեր ստեղծագործական տեսլականով առաջնորդվի: Կյանքը մնում է կյանք. դժբախտություն, ահաբեկում, պատերազմ, խաղաղություն, գոյության պայքարի դառն իրականություն… Այս ամենի կողքին արարումն էլ մնում է արարում: Մարդու ստեղծման օրվանից Աստված նրան շնորհ է տվել արարելու՝ նա պետք իր գործը շարունակի, արարի: Հիշենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դժնդակ տարիներին շրջափակված Լենինգրադը՝ ցուրտ, սով, վառելիք չկա, մարդիկ մահանում են փողոցներում, և թաղող չկա, Շոստակովիչն արարում է իր հայտնի սիմֆոնիան, ու համերգին ցրտաշունչ դահլիճը լեփ-լեցուն է… Եվ թե ինչպիսի՜ հզոր ազդեցություն ունեցավ այդ սիմֆոնիան իր հնչողությամբ, այդ դրական էմոցիաները, այդ դրական լիցքերն ինչպե՜ս կարողացավ հեղինակը հաղորդել հանդիսատեսին՝ լենինգրադցուն, որ նա այդ պայմաններում կարողացավ դիմանալ, հետո էլ հաղթել թշնամուն: Սա աստվածաշնչյան մի դրվագ կարող է լինել, որն ուղղված է մարդկությանը, թե որքան էլ դժվար, որքան էլ անցանկալի իրադրություններով մենք շրջապատված լինենք, այդուհանդերձ մեր քնարը չպետք է լռի:

Մենք ականատես ենք, թե պատերազմ մեկնելիս կամ բուն պատերազմի ամենաթեժ պահերին մեր ռազմիկները ո՛նց են երգում, ո՛նց են ոգի տալիս, թև ու թիկունք լինում: Չլիներ երգը, ի՞նչ էին անելու, սպասելու՞ էին մինչև հաջորդ հարձակում կամ պաշտպանությու՞ն: Ահա այդ պահն է, որ շաղախում է բոլորին միասին, միակամ է դարձնում: Եվ այս ենթատեքստում, կարծում եմ, մենք էլ՝ երաժիշտներս կամ բանաստեղծները, նկարիչները, պիտի շարունակենք մեր գործը:

<<ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ 30 ՏԱՐԻ ՀԵՏՈ…>>

Ս. Երկանյան.- Լիստին նվիրված իմ նախորդ համերգը եղել է երեսուն տարի առաջ: Այս ծրագիրն էլ հավանաբար մենք նորից կներկայացնենք մի 30 տարի հետո: Ես սա պայմանական եմ ասում, իհարկե: Ես այն ժամանակ՝ 1986 թվականին հանդգնեցի Խորհրդային Միության հարթակներում հնչեցնել նրա <<Հոգևոր և պոետիկ հարմոնիաները>>՝ գրված Լամարթինի բանաստեղծությունների գրքի հիման վրա, որը լեցուն է հոգևոր ապրումներով: Ես այն ժամանակ կատարեցի Լիստի հսկայածավալ պիեսների շարքը: Այն համերգը նշանավորվեց երրորդ բաժնով, սովորաբար, աշխարհում նման բան չի լինում, սահմանափակվում են երկու բաժնով: Ես իրեն այնքան եմ սիրում, որ համերգային երեք բաժին ներկայացնելով՝ վերջին բաժնում կատարեցի իր <<Սե մինոր>> սոնետը: Դա աշխարհի, եթե միակը չէ, համենայն դեպս՝ ամենից դժվար ստեղծագործություններից մեկն է դաշնամուրային գրականության մեջ:

Հաջորդ համերգը, թե առիթ կունենանք, վաղն էլ կնվագենք, կերգենք: Բայց նաև պահանջմունք պետք է լինի: Երանի՜ այդպիսի մի հասարակություն մինչև մեր օրերի վերջը տեսնենք:

Նախահամերգային տրամադրությամբ՝ Հասմիկ Սարգսյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20