Հայտարարություն՝ Օսկանյանի ապագա կուսակիցների կողմից. «Հրապարակ»

- in Մամուլ
Vardan Oskanyan

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին 1 տարում մամուլը բազմիցս գրեց, որ շուտով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հետաձգվում էր։

Նախօրեին Օսկանյանն ու ԲՀԿ խմբակցության 4 «անջատականներն» Ընտրական օրենսգրքին առնչվող հայտարարություն արեցին։ Օսկանյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի ստորագրությամբ հայտարարություն տարածվեց, որ իրենք օրենսգրքի քննարկման «4+4+4» ձևաչափի հաստատումից հետո աջակցել են ոչ իշխանական թևի ներկայացրած 5 պահանջներին և այժմ հիասթափված են, որ չի կայացվել համաձայնություն առանցքային որևէ հարցի վերաբերյալ. «Դա չի բխում մեր պետության և հասարակության շահերից։ Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումներն Ընտրական նոր օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ և պնդում ենք, որ այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Եվ պետք է շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ»։

Երեկ Ստեփան Մարգարյանից մեր լրագրողը ճշտել է՝ կարելի՞ է ասել, որ երեքդ լինելու եք Օսկանյանի կուսակցությունում։ «Նախ՝ եթե մենք մտնելու ենք, ապա չի լինելու Օսկանյանի կուսակցություն, լինելու է ընդհանուր կուսակցություն»,- խուսանավել է նա՝ ասելով, որ շուտով իրենք հայտարարությամբ հանդես կգան, որով կպատասխանեն բոլոր հարցերին։ Պատասխանելով ԸՕ նախագծի հարցում հնարավոր զարգացումների հարցին, Մարգարյանն ասել է. «Խնդիրը կարևոր է, այն չի լուծվել, մենք աջակցություն էինք հայտնել «4+4+4»-ին, բայց պարզվեց, որ առաջ քաշված պահանջները չեն լուծվել, եթե հնարավորություն լինի, նորից պատրաստ ենք ինչ-որ ձևով աջակցել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20