Հայ-ադրբեջանական պատերազմն այս անգամ չի կոչվելու ղարաբաղյան

- in Վերլուծական
Erdoghan Putin

Թուրք-ամերիկյան հարաբերությունները դարձել են կրիտիկական, եւ ԱՄՆ-ում չեն պատկերացնում, թե ինչպիսին են լինելու այդ հարաբերությունները վաղը եւ մոտ ապագայում:

Ժամանակ առ ժամանակ երկու պետությունները բանակցություններ են ձեռնարկում, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվում քաղաքական հարցերով, սակայն շատ շուտով պարզվում է, որ այդ պայմանավորվածությունները տապալվել են:

Թուրքիան կառավարական մակարդակով փորձում է պարզել լոբբիստական նոր կառույցների ստեղծման հնարավորությունը, սակայն հաջողության է հասել միայն Կոնգրեսում: Այդ կառույցների քիչ թե շատ ազատական հայացքներ ունեցող ֆունկցիոներները ազատվել են, նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվել տոտալիտար ու ավտորիտար մտածողությամբ մարդիկ, ովքեր պոպուլյար են Թուրքիայի պաշտոնական մամուլում:

Սակայն այս գործընթացի էությունը ամերիկյան ասպարեզում թուրքական քաղաքականությունն առաջ մղելը չէ: Թուրքիան փորձում է վերադարձնել ԱՄՆ բարեհաճությունը, ինչպես 20-30 տարի առաջ, եւ դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:

ՆԱՏՕ-ն դարձել է թուրքական ժամանակակից քաղաքականության զարգացման սահմանափակողը, այդ թվում քրդական հարցում եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներում: Թուրքիան համարում է, որ ՆԱՏՕ-ն դադարել է լինել համարժեք կազմակերպություն եւ չի պաշտպանում իր անդամներին:

Սակայն ՆԱՏՕ-ն մնում է համարժեք ռազմա-քաղաքական կազմակերպություն եւ պաշտպանում է իր անդամներին, ավելին, Դաշինքն իր կանոնադրության 5-րդ կետը դարձրել է ակտուալ ինչպես երբեւէ: Սակայն ՆԱՏՕ-ն առանձնապես էնտուզիազմ չի ցուցաբերում Թուրքիայի շահերի պաշտպանության հարցում, քանի որ նրա շահերը ոչ մի առնչություն չունեն Եվրատլանտյան հանրության շահերին:

Թուրքիան, շարունակելով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները թուլացնելու կուրսը, փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի հետ հարաբերությունը, գտնելով, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերը շատ հարցերում չեն համընկնում, եւ որ Թուրքիան ավելի պետքական երկիր է ԱՄՆ-ի համար որպես դաշնակից ու գործընկեր: Ամերիկացիները դա անհեթեթություն են համարում, սակայն մինչ այժմ չեն արտահայտվել այդ կապակցությամբ:

Լիովին պարզ է, որ ամերիկացիները սպասում են, թե ինչ է կատարվելու, եւ չէին ցանկանա սրել իրավիճակը տարածաշրջանում, որտեղ իրավիճակն առանց այդ էլ լարված է: Ներկայում ԱՄՆ-ն չգիտե ինչպես վարվել Թուրքիայի հետ:

ԱՄՆ-ն խիստ որոշակի հայտարարում է, որ որեւէ դոկտրին չունի քրդական հարցում: Միաժամանակ, ԱՄՆ-ն հայտարարում է, որ դեմ է քրդական պետության ստեղծմանը որեւէ երկրում, ճանաչելով Իրաքի ու Սիրիայի ամբողջականությունը, չխոսելով արդեն Թուրքիայի մասին: Սակայն ԱՄՆ-ն դարձել է զենքի հիմնական մատակարարը քրդերին եւ նրանց օգնություն է ցուցաբերում ռազմավարական ու մարտավարական տարբեր մակարդակներում:

Քրդական հարցը դարձել է տարածաշրջանում ԱՄՆ գործունեության կարեւոր խնդիրը, երբ ոչ արաբները, ոչ էլ որեւէ այլ ժողովուրդ չի դարձել ԱՄՆ հուսալի դաշնակիցը: Թուրքիայի համար քրդական խնդիրը դարձել է ԱՄՆ-ի հետ մերձեցման կարեւոր գործոն, քանի որ Թուրքիան խիստ զգուշանում է ամերիկա-քրդական հարաբերությունների նոր փուլից:

Վերջապես, Թուրքիայում տեղի է ունեցել այն, ինչը չէր կարող տեղի ունենալ՝ մամուլի դեմ կոշտ ճնշումը: Լավ հայտնի է, որ Թուրքիայի երեք առաջատար թերթերը չեն արտահայտում ներկայիս կառավարության շահերը, բավական ազատական են եւ գտնվում են ժողովրդավարական սկզբունքների դիրքերում: Մամուլի դեմ ճնշումները ԱՄՆ-ի համար դարձել են Թուրքիայի գործընթացներին միջամտելու կարեւոր գործոն:

Թուրքիայում քրդական խնդիրը բավական ակտուալ է դարձել, մամուլի խնդրի հետ մեկտեղ, եւ Անկարայում առայժմ չեն պատկերացնում ինչպես ազատվել այդ խնդրից: ԱՄՆ-ն ու եվրոպան միավորվել են ընդդեմ Թուրքիայի այդ բռնապետական սխեմաների, եւ Անկարային ոչինչ չի մնում, քան օգտվել Եվրոպայում իր ցանցային կառույցներից՝ եվրոպացիներին վախեցնելու համար:

ԱՄՆ-ն երբեք չի ցուցաբերել Թուրքիային «բաց թողնելու» պատրաստակամություն, սակայն նրան այս դիրքում պահելը բավական խնդրահարույց է դարձել, քանի որ Թուրքիան շարունակում է պահանջել գլխավորը՝ գերժամանակակից զենք:

Եթե Ադրբեջանը ձգտում է մերձենալ Ռուսաստանին՝ ԱՄՆ-ին իր պահանջները ներկայացնելու համար, Թուրքիան հակառակը՝ փորձում է հեռավորություն պահել Ռուսաստանից, ԱՄՆ-ին իր նվիրվածությունը ցույց տալու համար:

Սակայն ԱՄՆ քաղաքականության մեջ չկա ռազմավարական նպատակներից որեւէ շեղող բան, դրա համար ոչ ժամանակ, ոչ էլ ռեսուրսներ պարզապես չկան: Յուրաքանչյուր պետության հետ հարաբերությունները կառուցվում են ելնելով որոշակի տարածաշրջաններում խնդիրներից ու դրանք լուծելու հնարավորություններից:

Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են կրիտիկականի: Այստեղ նրանք դարձել են հակառակորդներ: Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությունը տապալվել է, Թուրքիան դրանում մեղադրում է ԱՄՆ-ին, թեեւ պատճառը միայն ԱՄՆ քաղաքականությունը չէ: Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Պարսից ծոցի մի քանի պետության, Թուրքիայի հակառակորդներն են:

Ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամը չդարձավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի մերձեցման գործոն: Վիճում են, թող վիճեն, մենք ինչ կապ ունենք, ասում են ամերիկացիները, թեեւ ԱՄՆ-ի համար այդ իրավիճակը բավական հետաքրքիր է: ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական կազմակերպությունները փորձում են այդ իրավիճակը ներկայացնել որպես Թուրքիայի հզոր պայքար Ռուսաստանի դեմ:

Իսկ ի՞նչ է վճարելու ԱՄՆ-ն ռուս-թուրքական հակամարտության դիմաց: Ոչինչ, ամերիկացիներին ներկայում շատ բան է ձեռնտու: ԱՄՆ-ն չէր ցանկանա հակամարտության տարածումը Հարավային Կովկասի վրա, սակայն երեւում է դա դժվար է շրջանցել մոտ ապագայում: Ինչպե՞ս է դա լինելու:

Նախկինում Թուրքիան երբեք չի ողջունել ՆԱՏՕ-ի նավատորմի ներկայությունը Սեւ ծովում, ներկայում դա տեղի է ունենում, թեեւ թուրք զինվորականներն այնքան էլ շահագրգռված չեն դրանում: Սեւ ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նավերը Ռուսաստանին զսպող գործոն են, դա այլ պատմություն է:

Երեւում է Թուրքիան ու Ռուսաստանը չեն պատրաստվում պատերազմել իրար դեմ, նրանք կգերադասեն հայ-ադրբեջանական պատերազմը, որն այս անգամ չի կոչվելու ղարաբաղյան:

Թուրքիան չի կորցնում ԱՄՆ-ի հետ հարաբերության բարելավման հույսերը եւ պատրաստ է ցանկացած զոհաբերության, որոնց կարիքն ունի ԱՄՆ-ն: Առանց ԱՄՆ-ի հետ գործակցության Թուրքիան ինքզինքը չի պատկերացնում որպես մակրոտերություն, որն իրավիճակ է թելադրում տարածաշրջաններում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Վաշինգտոն, մարտ 2016; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20