ՀՀԿ-ն ԵՏՄ-ից դուրս չի գա. Հերմինե Նաղդալյանը ԵՏՄ հասցեին մեղադրանքներն անհիմն է համարում

Hermine Naghdalyan

Հերմինե Նաղդալյանը ԵՏՄ հասցեին մեղադրանքներն անհիմն է համարում.

«Մենք չենք համարում, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ակտուալ է և չենք տեսնում նման հեռանկար»,- ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ իրենք համարում են՝ նման մտածողությունը շատ կարճամիտ, ոչ հիմնավոր մտածողություն է, և այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ԵՏՄ-ի հասցեին, այնքան էլ տեղին չեն: «Բնական է, մենք հասկանում ենք, թե ենթատեքստում ինչն է, որ հակաԵՏՄ-ական տրամադրություններ են սերմանում, բայց պիտի ասեմ, որ մեր վերաբերմունքը հետևյալն է՝ ԵՏՄ-ը տնտեսական միություն է, միություն, որն ունի տնտեսական նպատակներ և դեռևս շատ փոքր կեսնագրություն ունի, կարճ ժամանակահատված է անցել, որպեսզի վերջնականապես կայացած լինի, որպեսզի ԵՏՄ-ը ձևավորող բոլոր անդամների միջև ձևավորված լինի համագործակցության, իրար նկատմամբ նվիրվածության միջավայրը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ է մտցրել ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հայտարարության նախագիծ:

Ըստ Նաղդալյանի՝ այն պետությունները, որոնք այսօր ԵՏՄ կազմում են ու առաջ են ընթանում, մի շարք հարցերի վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ, նաև՝ տարբեր բարեկամներ, շահեր ու մտածողություն: «Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել այսօր աշխարհի ամենահզոր միություններից մեկի՝ Եվրոպական միության կենսագրությունը: 50-ականների սկզբին նախաձեռնված այդ միությունը երեք-չորս տասնամյակ դեռևս ընթանում էր և ներքին պայքարների, և ներքին շահերի բախումների միջավայրում»,- նշեց Նաղդալյանը: Հետևաբար, նրա խոսքով, իրենք համարում են, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար առողջ ընտրություն է և ապագա ունեցող կառույց:

Անդրադառանալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոսկվա կատարած այցին՝ Նաղդալյանն ասաց, որ ինքը չի կարծում, թե շատ քննադատվեց այդ այցը: «Իմ խորին համոզմամբ՝ քննադատվեց ընդամենը մեկ աղբյուրից, մեկ ուղղորդմամբ, և դա պարզ էր, որովհետև դրանք այն ուժերն էին, որոնք հակառակ կողմնորոշում ունեին: Մենք կարծում ենք, որ ճիշտ էր գնալը, և հետագայում ևս ակտիվ մասնակցություններով ներկայացնելու ենք մեր դիրքորոշումները և այն խնդիրները, որոնք մեզ համար ակտուալ են: Աշխատանքի ճանապարհով պետք է հասնենք նրան, որ մեր գործընկերներն ավելի սթափ, հանդուրժող ու ավելի նվիրված վերաբերվեն նաև մեր շահերին: Իհարկե, մեզ համար հաճելի չէր, երբ մեր ԵՏՄ գործըկներ երկրների վարչապետները հրաժարվեցին Երևան այցելելուց, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ընթացում ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ մայիսի 20-ին ԵՏՄ երկրների վարչապետների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Երևանում: Այսինքն՝ սա ապացույցն է նաև այն բանի, որ պետք է ոչ թե խռոված ու նեղացած դիրքորոշումներ ունենալ, այլ աշխատել և բերել նրան, որպեսզի մենք ընկալվենք մեր գործընկերների կողմից ՝ մեր շահերով ու խնդիրներով հանդերձ»,- ըդնգծեց նա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությանը, թե ՌԴ կողմից Ադրբեջանին զնեքի վաճառքի վերաբերյալ քննադատությունները անհեթեթություն են: Լրագրողի հարցին, թե նաև Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն էին քննադատել զենքի վաճառքը, վիրավորական չէ՞ ռուս պաշտոնյայի նման կեցվածքը, Նաղդալյանը պատասխանեց, որ դա անհատական տեսակետ է, պետական մտածողություն չէ:

«Ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը բավական կոպիտ ու անընդունելի էր: Դրա վերաբերյալ լավագույն պատասխանը հենց այն է, թե ինչ կատարվեց այդ հայտարարության հետ ընդամենը մեկ ժամվա ընթացում: Հենց այն հանգամանքը, որ ընդամենը մեկ ժամ հետո այդ հայտարարությունն այլևս համապատասխան էջում զետեղված չէր և ջնջվել էր, լավագույն պատասխանն էր այն բանի, թե ինչպես է ընկալվել այդ հայտարարությունը հենց բուն Ռուսաստանում, հետո նոր Հայաստանում: Եթե դա հենց ՌԴ-ում պետական մակարդակով լավ ընդունվեր, ապա ընդամենը մեկ ժամ հետո ջնջված չէր լինելու»,- ասաց նա: Ըստ Նաղդալյանի՝ կարող են անհատներն առանձին բաներ խոսել՝ ելնելով իրենց մտածելակերպից ու շահից, բայց պետական գործընթացները չեն ղեկավարվում այդպիսի սկզբունքներով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20