ՀՀ պետական մրցանակը՝ Հակոբ Մովսեսի վեհերոտ գրին

- in Մշակույթ

Միջակությունն իսկապես հզոր է, այն գտնում է վերարտադրվելու ինքնաարարման ձեւեր եւ մետաստազների նման շարունակաբար տարածվում՝ այս անգամ Հակոբ Մովսեսի տեսքով, որին ոչ մի կերպ չի հաջողվում իր վեհերոտ գրով ընթերցողի լայն զանգվածներ պաշարել։

Հայոց սահմանների նման Հայոց գիրն ու գրականությունն էլ այսօր պաշտպանության կարիք ունեն։ Պետությունները կործանվում են, երբ կործանվում են նրանց հոգեւոր արժեքները, երբ թշնամին, թափանցելով հոգեւոր դաշտ, կարողանում է թունավորել երկրիդ երակներով հոսող ավիշը եւ մարդուն մարդ պահող իրական արժեքներից դուրս՝ կեղծ, կործանարար խլանքը փառաբանել։ Ավելի վտանգավոր են հոգեւոր դաշտում հայտնված ենիչերիները, որոնք, քո ազգից լինելով, բոլորովին այլ մշակույթով շլացած, չփարատվող թշնամանքով հրապարակ են նետվել։ Խոսում է հայերեն, գրում է հայերեն, բայց զգում ես, որ հայ չէ, որ քո երկրի հոգսն ու ցավը, խինդն ու բերկրանքը խորթ են իրեն։ Քո զինվորի հերոսությունն իր համար չէ, ինքը կարող է թշնամուդ երկրում էլ հանգիստ բազմել եւ մարդաբանությունից ու արվեստաբանությունից խոսել։ Եվ քանի որ միտքը կարճ ու բեղերն են երկար՝ պստիկ հոգուց նաեւ թույն է ցփնելու անհասցե կամ հասցեավորված, հուսալով, որ երկրիդ հոգեւոր ամրությունները կխարխլվեն։

Վեհերոտ գիրն ինձ երբեւէ չի հետաքրքրել. կյանքը շրջանցող, անշարժության մեջ՝ ինքնախաբեության թվացյալ պտույտներով, սեփական անձի պստիկությունը համաշխարհային գրական արժեքներ կերտած հեղինակների մտքերով քողարկած, անկրակ հոգում ծլարձակվող վախի ճյուղերը չհասցնելով էտել՝ հայտնվել է մեյդանում եւ ինքնակոչումով՝ որպես հրեշտակների շշուկներից կորզված մի առանձնյակ, ահա, իմաստախոսում է գեղցիությանը բնորոշ շեշտակի գույներով մտրակված պարոնը՝ իբր, բան է ասում… Իր արտաբերած մտքերի անարժեքությանը ծանոթ էի եւ չէի պատրաստվում վիճել անհեթեթության հետ։ Կինոարվեստը մորֆոլոգիապես մեզ տրված չէ՝ հայտարարեց սույն պարոնը, եւ հաղորդման թերուս հեղինակը, փոխանակ հյուրին հիշեցնելու արվեստի այդ ճյուղի ժամանակային կարճ կենսագրությունն ու համաշխարհային հռչակ վայելող հայ ռեժիսորներին (Փելեշյան, Փարաջանով), անթաքույց ոգեւորություն ապրեց քաղքենիությանը բնորոշ պարամետրեր պարունակող անտեղի հնչած «մորֆոլոգիապեսից»… Տպավորություն կար, թե Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Հակոբ Մովսեսը, ՀՀ պետական մրցանակի մղվելով, փափագում էր մանկության երազանքն իրականություն դարձնել, հայտարարելով՝ Չարենցից հետո մենք՝ հայերս, պոեզիա չենք ունեցել։ Այս միտքը կրկնեց տարբեր լրատվամիջոցներով, չմոռանալով հատուկ դիրքավորվելով հայտնել, թե իր բանաստեղծ լինելը չի խանգարում կնոջ կողմից նետվող ափսեները ճարպկորեն որսալուն… Գերմանիայում բռնաբարում են գերմանուհուն գերմանացու աչքի առաջ, Ֆրանսիայում արաբը «փը՛խկ» է անում, ու Նապոլեոնի հայրենակիցը լեղապատառ փախչում է իր քաղաքի փողոցներով՝ դա իրենց մատուցված անկարողության մղող խոսքի արդյունքն է, որն իրենց փայ հակոբմովսեսիկները կարողացել են ներարկել։ Իսկ մեր ազատամարտի շատ հերոսներ խոստովանել են, որ իրենց Շիրազի, Սահյանի, Սեւակի, Դավթյանի բանաստեղծությունն է մարտի տարել։ Դե, դու մշակութաբանորեն ոչինչ չես գտնում կենսական մեծ լիցքով հագեցած այս հեղինակների ստեղծագործություններում, եւ դա բնական է՝ դու հայ մարդուն բնորոշ արժեհամակարգի կրողը չես…

Հիմա մոդա է դարձել հայ մեծերին թիրախ դարձնելն ու չարության ողջ պաշարով նրանց վրա հարձակվելը։ Տերյանը սրանց լուսնահաչ շուն էր ասում։ Իսկ մենք էլ ուշք չդարձրինք, եւ էս «լուսնահաչ շները» շատացել են։ Շատերի պես ինձ էլ ջերմացրել եւ ուժ է տվել մեր պոետների գիրը։ Մեր Հայրենիքն առավել սիրելի ու ընկալելի է դարձել նրանց ապրեցնող խոսքով, եւ ցանկացած հեգնանք արժանի հարված կստանա համամոլորակային վարուվերումների մեջ դիմագիծը չկորցրած հայ մարդու կողմից, ինչքան էլ փորձեք «մշակութաբանորեն» եւ «մորֆոլոգիապես» զառանցաբանել։ Գնա՛, Հակո՛բ Մովսես, գնա՛ հերթական որսորդությանդ եւ շարունակիր ճարպկորեն որսալ վրադ շպրտվող ափսեները եւ դա երբեք չվերագրես կնոջդ բարկությանը, դա քո հորինվածքների արտաքին զվարթանքի տակ թաքնված, չարության մեջ հոգեւարվող գրից է բխում…

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20