ՀՀ ՊՆ-ն կհստակեցնի Հայաստանին մատակարարվող սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

- in Պաշտոնական
Seyran Ohanyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ ապրիլի 15-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. «Հանձնարարել էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք հնարավորինս սեղմ ժամկետում»:

Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համ ապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016թ. ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20