Հովիկ Աբրահամյանը, եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ է իր ունեցվածքը հանձնել բանակին

- in Ով ով է ...
Hovik Abrahamyan

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին բանակը սպառազնիությամբ ապահովելու վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ գումարներ տրամադրված են, որևէ գումարի խնդիր չկա. «Որքան անհրաժեշտ է, տրամադրված է»:

Լրագրողները նաև հարցեր ուղղեցին պաշտոնյաների ուեցվածքի ու այդ գումարները բանակին հատկացնելու վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանին դուր չեկան այս հարցերը, նա սկսեց մեղադրանքներ հնչեցնել լրագորղների հարցերին: Նա նշեց, որ իշխանությունը որևէ մեկին չի հովանավորել ու չի հովանավորելու, որպեսզի ապօրինի հարստանա ու խուսափի հարկեր վճարելուց: «Մենք դեմ ենք եղել, դեմ ենք լինելու, յուրաքանչյուր դեպք, որ մենք կհայտնաբերենք, օրենքի ամբողջ խստությամբ մենք այդ մարդկանց կպատժենք»,- ասաց նա:

Հարցին, որ հենց իր անունն են կապում հսկայական ունեցվածքի հետ, հանրության պահանջն է՝ սկսած վարչապետից ու նախագահից, բոլորը պետք է պետության փողերը վերադարձնեն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ձեր հարցը անտրամաբանական է, անհիմն է, և նաև կոռեկտ չէ: Որևէ փաստ, որևէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը՝ օգտվելով իր լիազորություններից, դիրքից, հարստություն է կուտակել: Դա, իհարկե, չեմ լսել, որ որևէ քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ կանգնի և ասի՝ վարչապետը այս-այս ծրագրերն է իրականացրել, այս մոնոպոլիան ունի և հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որևէ քաղաքացի, քաղաքական ուժ կլինի և նման հարցադրում կանի, կհիմնավորի, ես պատրաստ եմ պատասխանել»:

Նա նշեց, որ ապրիլին լրացավ իր՝ վարչապետ լինելու երկու տարին, և ինքը որևէ քայլ չի անելու, որի համար ամաչի: Մեր հարցին, թե որտեղի՞ց իրեն այդքան մեծ ունեցվածք, դղյակներ, նա պատասխանեց. «Դրա մասին ես պատասխանել եմ մի քանի անգամ, դա հայտարարագրում հիմնավորված կա, աղբյուրներին դուք կարող եք ծանոթանալ և չհավատալ անհիմն հերյուրանքներին»:

Հարցին, թե պատրա՞ստ է վաճառել իր ունեցվածքը՝ գումարները բանակին ուղղելու համար, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ է. «Բայց մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի՝ սպառազինությամբ զինելու մեր բանակը: Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք, դուք ձեր քայլերով, ձեր սուտ տեղեկատվությամբ հասարակությանն ու քաղաքական ուժերին տանում եք դեպի… Ձեր պահվածքը բերում է մի երևույթի, որ դառնում է անկառավարելի, ձեր սուրբ գործն է մարդկանց ճիշտ ինֆորմացիա տալը, իսկ դուք մտածում եք ինչ-որ սուր հարցեր տաք, դրանով ձեր հեղինակությունը բարձրացնեք: Դուք ի՞նչ եք ուզում ապացուցեք ձեր հարցերով»:

Վարչապետն ասաց, որ ուզում է կրկնել՝ բանակը սպառազինությամբ ապահովելու ֆինանսական միջոցների պակաս չկա այսօր, դա որևէ մեկի համար թող չդառնա քննարկման առարկա: «Դա փոխանցեք հանրությանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20