Ղարաբաղյան խնդիրը պատերազմով չի լուծվի. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան

- in Կարծիք
USA

Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բանակցելու այլընտրանք չունեն՝ համոզված են Վաշինգտոնում: Փորձառու ամերիկացի դիվանագետ, ազդեցիկ փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Այս քառօրյա պատերազմը մեկ բան հաստատ ցույց տվեց, այն է, որ ռազմական գործողություններն այս խնդիրը չեն լուծի: Դրանց միջոցով հնարավոր է միայն մարդկային կյանքեր խլել, իսկ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»,-ասել է նա «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում։

Կազլարիչի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջին իսկ օրվանից սատարել է խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն, համաձայնության հասնելը հենց կողմերի գործն է.

«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պետք է կամ կարող է որևէ տարբերակ պարտադրել»:

Ու թեև կարգավորման տարբերակներ ԱՄՆ-ը չի պարտադրում, հրադադարի ռեժիմն ու խաղաղության պահպանումը՝ հանուն մարդկանց կյանքերի փրկության, որոշ դեպքերում կարելի է ու անհրաժեշտ է պարտադրել.

«Որոշ պահի միգուցե կարիք լինի պարտադրել հրադադարի պահպանումը, պարտադրել խաղաղարար ուժերի ներկայությունը և ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի նրանք հանդիպեն և քննարկեն հնարավոր կարգավորման տարբերակները: Սակայն պետք է հիշել, որ նույնիսկ նման տարբերակները երկու կողմերից էլ քաղաքական փոխզիջում են պահանջելու»:

Փոխզիջման դեպքում, ըստ փորձագետի, կողմերից և ոչ մեկը չի հասնելու իր ընտրած նպատակին։ Այսպիսով, փոխզիջմամբ հակամարտությունը կարգավորելու համար բոլոր կողմերի ղեկավարներին անհրաժեշտ է աշխատել սեփական երկրների հասարակությունների հետ: Սակայն հակառակ սրան՝ նկատվում է հակամարտության հետագա սրացում:

«Չեմ կարծում, որ սա կարելի է հենց այնպես, հեշտությամբ անջատել ու միացնել: Իմ համոզմամբ՝ հրադադարի պահպանումը լուրջ աշխատանք է պահանջելու», – նշում է Կազլարիչը:

Փորձագետի խոսքով՝ արդեն մեկ տարի է, ինչ ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղով է զարգանում և աստիճանաբար ավելի է սրվում: Ռիչարդ Կազլարիչը նշում է, որ վերջին պատերազմը պետք է կարևոր ազդանշան լինի և՛ համաշխարհային հանրության, և՛ կողմերի առաջնորդների համար, որպեսզի իրավիճակը դուրս բերվի պատերազմական ուղուց:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20