Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Bloomberg-ին

- in Մամուլ, Պաշտոնական
Serzh Sargsyan

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատերազմը կարող է «ցանկացած պահի» բռնկվել Կովկասի թեժ կետում՝ Լեռնային Ղարաբաղում, և որ կան հակամարտության կարգավորման համար բանակցությունների փոքր հեռանկարներ:

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Հայաստանի մայրաքաղաք Երևանում նախագահական նստավայրում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը չի կարող լինել բավականաչափ ՝ կանխելու համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև «էլ ավելի մեծամասշտաբ» բախումն այս ամիս տեղի ունեցած «քառօրյա պատերազմից» հետո, որում ներգրավվել են «մի քանի հարյուր տանկեր» և 30.000 հրետանային արկեր:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար «խելամիտ» չէ առանց անվտանգության երաշխիքների վիճելի տարածքների շուրջ վերադառնալ Ադրբեջանի հետ բանակցություններին, քանի որ «ներկայումս իրավիճակը բացարձակապես այլ է»:

«Մի կողմից՝ մենք ինչ-որ տեղ կունենանք բանակցություններ, իսկ մյուս կողմից՝ դրա հետ մեկտեղ բարձրաստիճան զինվորականներն այստեղ կմասնակցեն պատերազմի՝ փորձելով լուծել հակամարտությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Ապրիլի սկզբի բախումներն ամենավատն էին հրադադարի 22 տարիների ընթացքում, որը կանգնեցրել էր 30.000 կյանք խլած ու մեկ միլիոն փախստական առաջացրած պատերազմը:

Հայերը 1991-1994 թվականների պատերազմում իրենց վերահսկողության տակ առան Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները:

Միջազգային միջնորդները չկարողացան պայմանավորվել ամուր խաղաղության շուրջ, և դրանից հետո հակամարտությունը սպառնում է ապակայունացնել Ռուսաստանին, Թուրքիային ու Իրանին սահմանակից տարածաշրջանը, ինչպես նաև պոտենցիալ առումով կարող է հանգեցնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև էներգետիկ նոր միջանցքի խաթարման:

«Վերջնագրի» ճակատամարտ

Ադրբեջանը՝ նախկին Խորհրդային Միությունում նավթի երրորդ խոշոր արտադրողը, վերջին տարիներին BP Plc-ից ու նրա գործընկերներից ներգրավել է ավելի քան 50 միլիարդ դոլար: BP-ի նավթատարը, որը նախորդ տարի օրական 720.000 բարել նավթ է Բաքվից հասցրել Միջերկրական ծով, անցնում է հակամարտության գոտուց 30 մղոնից էլ պակաս հեռավորության վրա:

Վերջին բախման ժամանակ զոհվել են մոտ 100 հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, իսկ Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է իր 32 կորստի մասին:

Լայնածավալ պատերազմի դադարեցման ուղղված միջազգային ինտենսիվ բանակցությունների պայմաններում Սարգսյանը ուրբաթ Երևանում բանակցեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Լավրովը ապրիլի 6-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ «առաջարկներ»:

Սարգսյանը հայտարարել է, որ Լավրովը չի «բերել որևէ նոր առաջարկ», որովհետև «նա շատ լավ հասկանում է, որ անիմաստ է քառօրյա պատերազմից հետո անմիջապես բանակցությունների մասին խոսելը»:

Նա ասաց, որ մարտերը մղվել են 200 կիլոմետրանոց ճակատի ողջ երկայնքով, քանի որ Ադրբեջանը փորձել է ճեղքել հասնել մինչև Լեռնային Ղարաբաղ և հետո «վերջնագիր» ներկայացնել հայկական անկլավին:

Երկու կողմն էլ կիրակի միմյանց մեղադրեցին հրադադարի նոր խախտումների համար: Ադրբեջանի ՊՆ-ը իր կայքի միջոցով հայտնեց, որ հայկական հարձակում է հետ մղել՝ ոչնչացնելով մեկ տանկ: ԼՂՀ-ի ՊՆ-ի կայքն էլ հայտնեց, որ ադրբեջանական ուժերը 159 անգամ խախտել են հրադադարը, այդ թվում նաև՝ հրետանու կրակոցներով:

Հավասարակշռված քաղաքականություն

Սարգսյանը, ով ԼՂ-ից է և նախկին զորահրամանատար, առաջին անգամ հրապարակավ ընդունեց, որ հայերը ռազմական գործողությունների ժամանակ որոշակի տարածքներ են կորցրել:

Նա ասաց, որ ադրբեջանական զորքերը շփման գծի հյուսիսում ու հարավում իրենց վերահսկողության տակ են առել «շատ փոքր տարածքներ», որոնք «ռազմական կարևորություն չեն ունեցել» հայկական ուժերի համար, և որոնք չեն փորձում վերադարձնել՝ «խուսափելու համար հավելյալ կորուստներից»:

Սարգսյանն ասաց, որ այն ժամանակ, երբ գլխավոր շտաբի պետը Մոսկվայում մասնակցել է միջնորդավորված հրադադարի մասին բանակցություններին, այնտեղ խոսք չի գնացել հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին՝ երկու կողմերին բաժանելու համար:

Նա ասաց, որ թեև ռուսական զորքերի ծավալման մասին խոսակցություններն «ընդհանրապես հիմնազուրկ չեն»՝ կապված խաղաղության նախկին բանակցությունների հետ, սակայն «ես ներկայումս չեմ տեսնում նման որևէ հնարավորություն»:

Սարգսյանն ասաց. «Եթե չկան բանակցություններ, ապա ինչպե՞ս կարող են ռուսական ուժերը հայտնվել Ղարաբաղում՝ ղարաբաղյան ու ադրբեջանական ուժերի միջև»:

Նա ասաց, որ Ռուսաստանը «հավասարակշիռ քաղաքականություն» է վարում Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ՝ ձգտելով կանխել «խոշորամասշտաբ ռազմական հակամարտությունը»:

Պաշտպանական պակտ

Հայաստանը փոխադարձ պաշտպանության պայմանագիր ունի Ռուսաստանի հետ և ընդունում է իր դաշնակցի միակ ռազմաբազան տարածաշրջանում՝ թեև հայերը այս ամիս բողոքի ակցիա են անցկացրել Երևանում ռուսական դեսպանատան առջև՝ կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ:

Ապրիլի 8-ին TASS լրատվական գործակալությունը հայտնեց, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին, քանի որ «երկու երկրներն էլ իրենց ռազմավարական գործընկերներն են»:

Մինչև նավթի գնանկումը նավթի պաշարներով հարուստ Ադրբեջանը վերջին տասնամյակում 10 անգամ մեծացրել է ռազմական ծախսերը՝ վերջին տարում այն հասցնելով մինչև 4.8 միլիարդ դոլարի՝ համաձայն Բաքվի իշխանությունների, ինչը գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն:

Հայաստանի ռազմական բյուջեն նույն ժամանակահատվածում աճել է եռակի՝ հասնելով 447 միլիոն դոլարի՝ համաձայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների:

Սարգսյանն ասաց, որ ԵԱՀԿ միջնորդներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է որևէ բանակցությունից առաջ զբաղվեն «վստահության ամրապնդմանը միտված միջոցներով» և, մասնավորապես, «հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննման մեխանիզմով, որը կհստակեցներ, թե որ կողմն է կրում պատասխանատվություն»: Նա ասաց, որ Հայաստանը նաև պահանջում է «երաշխիքներ, որ այդօրինակ խախտումները այլևս չեն կրկնվի»:

Խաղաղության գործարք

Նախագահը հայտնեց, որ 2011 թվականին ռուսական Կազան քաղաքում Ալիևի հետ բանակցությունների ժամանակ պատրաստ է եղել հայկական ուժերը դուրս բերել Ադրբեջանի հինգ շրջաններից և թույլատրել խաղաղապահների մուտքը:

Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները երկու առաջնորդներին կոչ են արել հակամարտությունը կարգավորել համաձայնագրի ստորագրմամբ, որը նաև կերկարաձգեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը, սակայն Ալիևը մերժեց:

Ադրբեջանն ասում է, որ յուրաքանչյուր կարգավորում պետք է հենված լինի իր տարածքային ամբողջականությունը հարգելու վրա՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Հայաստանն էլ ասում է, որ հայկական-քրիստոնեական անկլավը, որը հիմնականում մուսուլմանական Ադրբեջանից իր անկախության մասին հայտարարել է 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո, ունի ինքնորոշման իրավունք:

Սարգսյանը 2011 թվականի ձախողված բանակցությունների մասին հայտարարել է, որ դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստացել էր նավթային փողերով և խոսում էր ռազմական բյուջեի չափի մասին. «Այն, ինչ տեղի ունեցավ ներկայումս, պետք էր ակնկալել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20