Ճանաչել կամ դուրս գալ

LGHH

Արդեն քառորդ դար Արցախում անդորրը խախտված է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով:

Ոչ ոք մեկ առ մեկ չի հաշվել այն մարդկային կորուստները, որ հայ ժողովուրդը տվել է և դեռ տալիս է Արցախում: Պատճառած նյութական վնասի մասին ընդհանրապես խոսք չկա:

Տարիներ շարունակ տարվող բանակցությունների արդյունքում այսօր հստակ ուրվագծվում է.

– պատերազմող կողմերի միջև հավասարության նշանը դրվել է և գուցե դեռ առ ժամանակ դրվի;

– ՀՀ-ի անդամակցությունը տարբեր միավորումների և ռազմական բլոկների առայժմ չի տվել որևէ էական արդյունք;

– մեր ռազմական զինանոցը ժամանակակից չէ՝ թույլ է, իսկ բանակի ոգին՝ ուժեղ;

– երեկ և այսօր հայերը սպանվում են մեր պետության ռազմավարական դաշնակցի զենքով:
Կարծում եմ, սա արդեն վեր է ամեն ինչից:

Ինչ վերաբերվում է բանակցությունների միջոցով իրավիճակի կարգավորմանը, ապա Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը դադարեց բանակցային կողմ լինելուց:

ՀՀ-ի իշխանությունները տարիներ շարունակ փորձեցին իրենց ճեպազրույցներում կցկտուր մտավարժանքներով հուսադրել ժողովրդին, որ իշխանությունները գիտեն ինչ են անում, և ամեն ինչ լավ է լինելու:

Արդյունքում Արցախը ոչ միայն չճանաչվեց որևէ մեկի կողմից, այլև դուրս մնաց բանակցություններից իր երկրի շահերը պաշտպանելու հարցում:

ՀՀ-ի իշխանությունները այսօր դեռ մտմտում են՝ ճանաչել, թե՞ չճանաչել Արցախը:

Կարծում եմ նպատակահարմար կլինի, որպեսզի ՀՀ-ն ինքնակամ դուրս գա բանակցային կողմ լինելու կարգավիճակից և հնարավորություն տա Արցախին լինելու բանակցային կողմ:

ՀՀ-ն տարվող բանակցություններում շախմատային լեզվով պետք է ստեղծի պատային իրավիճակ, որպեսզի Ադրբեջանը պարտադրված լինի բանակցել Արցախի իշխանությունների հետ: Իսկ ՀՀ-ն թո՛ղ շարունակի իր օգնությունը ու աջակցությունը Արցախին բոլոր հնարավոր ձևերով և մեթոդներով, ինչպես այդ անում է Թուրքիան Ադրբեջանի համար:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20