Ճիչեր են արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ. ՄԻՊ-ը՝ «Նուբարաշենի» միջադեպի մասին

- in Իրավունք
Nubarashen

2015 թվականի հոկտեմբերին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության դիմակավորված աշխատակիցները, քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: Վերջինս նաև ահազանգել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, որտեղից արագ արձագանքման խումբ էր մեկնել կալանավայր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հերքել էր, որ ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են  բանտարկյալների վրա՝ նշելով, որ ծառայողական քննության շրջանակներում մի քանի խցերում խուզարկություն է եղել, արգելված առարկաներ, իրեր են հայտնաբերվել, և որևէ բռնություն չի եղել:

Armtimes.comի փոխանցմամբ՝ և ահա ՀՀ ՄԻՊ-ն իր տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է այս խնդրին՝ գրելով, որ ըստ հրապարակային տեղեկությունների՝ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել, որի ընթացքում բռնություն են կիրառել այնտեղ պահվող անձանց նկատմամբ, ինչի պատճառով վերջիններս սկսել են ճիչեր արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ:

«Պաշտպանի ուսումնասիրությունների և ծառայողական քննության արդյունքների համադիր վերլուծությամբ հաստատվել է, որ հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությանը մասնակցել են դիմակավորված անձինք, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից այրվել են իրեր, լսվել են գոռգռոցներ, խցերի դռներին հարվածելու ձայներ: Միաժամանակ, կալանավորված անձանց և դատապարտյալների պնդմամբ խուզարկությունն իրականացվել է անբարեկիրթ, կոպիտ և արժանապատվությունը նվաստացնող եղանակով (խուզարկություն իրականացնող ծառայողները հնչեցրել են վիրավորանքներ, ազատազրկվածների իրերը նետել են միջանցք), ինչն էլ դրդել է վերջիններիս կատարելու վերոնշյալ գործողությունները»,- ասվում է օմբուդսմենի հաղորդման մեջ:

Նշենք, որ իր հաղորդման Արդարադատության նախարարությանը վերաբերող բաժնում ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաև ՔԿՀ-ներում առկա այլ խնդիրների:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20