Մարդկային հոգու լիստյան բնապատկերները Սեդրակ Երկանյանի կատարմամբ

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

2016թ. ապրիլ 27-ին Երևանում հնչեցին Ֆերենց Լիստի ստեղծագործությունների կատարումների մի շարք հայաստանյան պրեմիերաներ: Դրանք <<Պոետիկ և հոգևոր հարմոնիաներ>> ծրագրի շրջանակներում ներկայացրեց Մաեստրո Սեդրակ Երկանյանը:

XIX դարի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, մտածող և իր յուրատիպ գեղագիտությունը համաշխարհային արվեստ բերած Ֆերենց Լիստի <<Օբերմանի հովիտը>> հաճախ անվանում են <<թախծի հովիտ>>, ավելին՝ <<համաշխարհային թախծի հովիտ>>: Սեդրակ Երկանյանի հետ ամիսներ առաջ զրույցներից մեկում անդրադարձ եղավ երիտասարդ Լիստի այդ ստեղծագործությանը: Բերենք հատված Մաեստրոյի խոսքից. <<Լիստը կարող է ողջ քո կյանքում քեզ բավարարել իր ոչ միայն պիանիզմով, ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլ նաև որպես հեղինակ, որպես գրող… Նրա կյանքի շրջանները՝ առաջինը, երկրորդը, թե՛ ոնց այն վառվռուն, աշխարհը չափչփող, նվագող պիանիստը հանկարծ կտրուկ կտրեց ու անցավ հոգևորականի նստակյաց կյանքի… Ինչ անում էր, ցուցադրական չէր, խորն արմատներից էր գալիս, և իր՝ նստակյաց կյանքին անցնելը բացարձակապես ինչ-որ ազդեցության արդյունք չէր, այլ խորը համոզմունքի հետևանք:

Այնքան հետաքրքիր է այդ մարդն, այնքան խորն է… Թե՛ որպես դաշնակահար, թե՛ որպես հեղինակ: Ինքն առաջիններից մեկն էր ռոմանտիկների շարքում, որ ստեղծեց նկարագրական պահեր. իր պիեսների անուններն էլ նկարագրություններ են. ասենք, <<Օբերմանի հովիտը>> և նման հանճարեղ գործեր: Ի դեպ, երևի մոտիկ ժամանակներս պիտի անդրադառնամ նորից <<Օբերմանի հովիտին>>. երիտասարդ տղա, և այդպիսի՜ փիլիսոփայական մեկնություններ, խորություններ…>>:

Ահա այս զրույցից ուղիղ 136 օր անց Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հնչում է <<Օբերմանի հովիտը>>՝ Սեդրակ Երկանյանի կատարմամբ: Այն մարդկային հոգու յուրատիպ բնապատկեր է՝ խիստ խորունկ ստեղծագործություն, որը երաժշտագետների կողմից բնորոշվում է՝ իբրև թեմատիկ՝ գրական-երաժշտական-ծրագրային երկ կառուցելու մեթոդի կիրառման ցայտուն օրինակ: Կոմպոզիտորի նորարություն համարվող այդ <<խոսվածքը>> հետագայում զարգացել է այլ՝ համաշխարհային հռչակ ունեցող հեղինակների ստեղծագործություններում. նրանցում խոսակցական ինտոնացիաները հաղորդվում են երաժշտության լեզվով՝ <<երաժշտականորեն>>:

Ի՞նչ լիստյան հուշումներով է առաջնորդվել, ի՞նչ <<ընթերցումներ>> է ունեցել դաշնակահար Սեդրակ Երկանյանը՝ մինչ <<Օբերմանի հովտի>>՝ վերում հիշատակված կատարումը:

Ինքը՝ Լիստը, ընդգծել է, որ <<Հովիտը>> իր պիեսում մետաֆիզիկական է, այսինքն՝ այն ուղիղ իմաստով բնանկար չէ, թեև <<հովիտ>> բառը և հենց պիեսի երաժշտությունը պարզորոշ կերպով հաղորդում են կոնկրետ բնապատկերից բխող ասոցիացիաներ (դեպի հեռուն ձգվող հայացք, թեթև մառախուղ…): Բայց եթե այն <<բնանկար>> է, ապա երկանյանական մեկնությամբ ավելի շատ մարդկային հոգու բնանկար է՝ միայնակ, թախծող, կորստով լեցուն: Լիստը, որ կյանքի իմաստի մտածումների մեջ էր, անգամ պահեր՝ այդ իմաստի կորստյան եզրին, հարց էր ուղղում բնությանը, թեև հազիվ թե ստանար այդ հարցի պատասխանը… Հայտնի է, որ պիեսը գրվել է Սենանկուրի <<Օբերման>> (Բարձունքների մարդը) անվանումը կրող և նամականիի տեսքով շարադրված վեպի, նաև Բայրոնի ստեղծագործությունների տպավորությամբ, ինչը միահյուսվել է Շվեցարիայի բնությունից առնված անմիջական զգացողություններին: <<Օբերմանի հովիտը>> միաժամանակ կյանքի ունայնության վերաբերյալ հեղինակի ռոմանտիկ հայացքն է և փորձը՝ գտնելու այդ հայացքը: Սենանկուրից և Բայրոնից արված մեջբերումները դարձել են Լիստի շատ պիեսների էպիգրաֆներ, այնպես, ինչպես <<Օբերմանի հովտի>> էպիգրաֆը, ինչը ճշգրիտ մեկնակետն է իր ստեղծագործության համար՝ <<Ի՞նչ եմ ուզում, ո՞վ եմ ես…>>:

Երկանյանական նվագն ունկնդրին տանում է դեպի Շվեցարիայի ալպիական հովիտները, լեռնային արոտավայրերը, առվակները, լճերը, բնության հրաշագեղ պատկերները, որ վայելում էր Լիստն առավել քան մեկուկես դար առաջ իր սիրած էակի ընկերակցությամբ, և որտեղ սկիզբ էին առել իր <<Ճանապարհորդի ալբոմը>> և ծագել լիստյան <<Դեգերումների տարիներ>> շարքի մտահղացումը: Այս միջավայրում բազմաժանր գրականության ընթերցումները և գրական-փիլիսոփայական զրույցներն ու խոհերը միահյուսվել էին Լիստի երևակայությանը՝ կազմելով ամբողջական գեղարվեստական տպավորություններ:

Ս. Երկանյանի ոգեղենացած նվագն՝ իրականի և մետաֆիզիկականի եզրագծին, ընթերցումն է կյանքի իմաստի: Նրանում կա նաև արվեստագետի հոգևոր կարողությունների անընդմեջ մշակման ու ոգու վերելքի, ներքին կատարելության հասնելու ճանապարհին այցելած մտածումների արտահայտությունը, մտածումներ, որոնցում երաժշտական արտահայտչամիջոցներով տեղ են գտել նաև ունայնության մասին այցելած մտքերը… Անժխտելի է բնության պատկերների երաժշտական նկարագրի առկայությունն այս պիեսում: Այստեղից էլ հովտի անվանումը, որ օթևան էր տվել թախծող և կարոտակեզ հոգուն, և լեցուն լինելով բնության սքանչելիությամբ, մխիթարում էր նրան, հաշտեցնում աշխարհի և իրեն ունայն թվացող իրականության հետ: Եվ ինչպես այս երաժշտությունում են հետզհետե միաձուլվում Լիստի բազմաթիվ տպավորությունները՝ իրական կյանքից ու իր ընթերցած գրականության մետաֆիզիկական աշխարհից, նույնկերպ երևանյան համերգասրահում Սեդրակ Երկանյանին հաջողվում է նույն տպավորությամբ իր պիանիզմով ստեղծել իրականի և մետաֆիզիկակնի միաձույլ զգացողությունը:

Շվեցարական շարքի այս ամենածավալուն պիեսում Լիստն առաջին անգամ հետևողականորեն կիրառել է իր նախընտրած մոնոթեմայնությունը: Այն կազմված է չորս՝ միաժամանակ իրար լրացնող և իրարամերժ մասերի հաջորդականությամբ. երաժշտական թեման տարբեր դրսևորումներ է ստանում նրանում: Ռոմանտիկներին հատուկ այս ոճով երկի առաջին հատվածը Երկանյանը հնչեցնում է՝ որպես հերոսի թախծոտ մենախոսություն: Տոնային առումով հեղինակն այն կայուն չի կառուցել. երաժշտական առաջին ֆրազը շարունակաբար, ինտենսիվ կերպով մշակվում, հարմոնիկ ու ռիթմիկ զարգանում, բարդանում է: Դաշնամուրային կատարումը պիեսի առաջնային հատվածում վառ արտահայտված <<թավջութակային>> հնչողություն ունի, կառուցված է շարժման մեջ գտնվող վայրկենաչափ ինտոնացիաների վրա, որով առանձնակի գունավորմամբ ու աչքիդ առջև ասես շարժանկարով ընթացող բնության կենդանի պատկերներ են տեսլանում:

Պիեսի երկրորդ մասում արդեն երկանյանական նվագը մարմնավորում է հերոսի բարձր ձգտումներն ու երազները: Գլխավոր թեման, որ ընթանում էր փխրուն վերին ռեգիստրով, լուսավոր և նուրբ էր: Երրորդ մասում թեմայի ինտոնացիաները ներծծվում են բուռն մրրկային պասսաժներում, որ մարմնավորում են կյանքի բուռն ընթացքը: Վերջին՝ չորրորդ հատվածում նախապատկերի հենքի վրա վեր է հառնում սիրո և երջանկության հիմնը, երաժշտությունը հնչում է կրքոտ և հիացական, սակայն վերին կուլմինացիային հրճվանքն ընդհատվում է հանկարծակի՝ տեղը զիջելով առաջնահարցին: Ահա այդ ձևով առանձնակի ընդգծվում է երկի դրամատիզմը՝ պատասխան չկա…

Սեդրակ Երկանյանն իր Լիստի <<Օբերմանի հովտի>> դաշնամուրային կատարմամբ ճշգրտորեն ու կատարյալ կերպով հաղորդում է երկի բովանդակային խորքը, նախնական նյութի մասշտաբային փոխակերպումները և զգացմունքի ու անմիջական տպավորության վառ գունավորումները:

Լիստյան երեկոն, իհարկե, չի սահմանափակվում լոկ այս պիեսի կատարմամբ: Եվս մի պիես է հնչում՝ <<Փոթորիկը>> (Oranqe), որը դաշնակահարը կատարում է դարձյալ առաջին անգամ: Այն ևս բնապատկերի միջոցով հոգեկան խռովքի մի արտահայտություն է, ինչը հազվադեպ է կատարվում դաշնակահարների կողմից: Նման կատարումներից մեկը, ահա, հնչում է համերգային այս երեկո, և տենչի ու իրականության բախման կուլմինացիաներով լեցուն այս գործի երկանյանական կատարումը հուզումով ու փոթորկալի խռովքներով է համակում դահլիճին:

ՍԻՐՈ ՊԱՏԿԵՐՆԵՐ

<<Դեգերումների տարիներ>> շարքից են նաև <<Պետրարկայի սոնետները>>, որ համարվում են Լիստի սիրային լիրիկայի գերագույն արտահայտությունները: Այս երեք սոնետներում Լիստը հասել է գործիքային և վոկալ սկիզբների կատարյալ սինթեզին, ընդ որում այս ստեղծագործությունները բանաստեղծությունների լոկ <<մեղեդավորումը>> չեն, այլ երեք պիեսում էլ երևում է վոկալ սկիզբը:

Թիվ 104 Սոնետը ևս մեզանում առաջին անգամն է կատարվում: Դարձյալ սոնատի երկանյանական դաշնամուրային <<ընթերցումը>> հատուկ է լիստյան տպավորություններն և զգացմունքայնությունն անմիջականորեն հաղորդելու ոճին: Զգացմունքների զարգացման միասնական ալիքը ողողում է ողջ պիեսը: Լիստին հատուկ սուղ հնչյունակազմը պիեսի երկրորդ մասում հրճվանքի ու էքստազի պահը վերարտադրող մասշտաբային վերաձևումների է ենթարկվում, իսկ երրորդ մասում՝ հասնում վիրտուոզության և համերգայնության գերագույն աստիճանի:
Պետրարկայի սոնետներից մեկ ուրիշն էլ հնչում է երգչուհի Լուսինե Մարկոսյանի կատարմամբ՝ սիրո ևս մի չքնաղ արտահայտություն, որ նոր փայլ է ստանում գեղեցիկ կատարմամբ:

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՐՄՈՆԻԱՆԵՐ

Լիստի հարուստ ստեղծագործությունից առնված Դավթի թիվ 137-երորդ սաղմոսը ևս Հայաստանում հնչում է առաջին անգամ: Հոգևորականի սքեմով Լիստը շարունակում է ստեղծագործել՝ ստեղծելով հոգևոր երաժշտության գլուխգործոցներ: Փառաբանության, պաղատանքի, գոհության ու վստահության, ուսուցողական և միսիական սաղմոսների շարքում աստվածաշնչյան այս սաղմոսը գոհություն է արտահայտվում՝ մարդու երախտագիտությունն առ Աստված՝ իր խնդրածը ստանալու համար.

<<…Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը:
Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի…>>:

Աստծո առաջ երգվելու համար ստեղծված սաղմոսները մեղեդիների մեջ առնելով Լիստն ի՞նչ մտածումներ և ոգորումներ է ունեցել, Սուրբ հոգու ի՜նչ ներգործությամբ է առաջնորդվել: <<Սուրբ սաղմոսաց Դավթի>> կանոնի գրքից առնված տողերը ավելի են իմաստավորվում Լիստի երաժշտությամբ, ավելի են ոգեղենանում՝ հաղորդելով մարդու ներաշխարհի տատանումները, իղձերն ու զգացմունքները, մարդկային հոգու զեղումներն ու ակնկալիքները: Դրա կատարումը վստահված է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության <<Նշխարք>> վոկալ միասեռ անսամբլին (խմբավար՝ Հեղինե Օհանյան): Սրտի խորքից ուղղված Առ Աստված խոսքն ու մեղեդին՝ երգչախմբի, ջութակահար Քրիստինե Չթչյանի և սոպրանո Լուսինե Մարկոսյանի կատարմամբ, սրտի խորքից բխած աղերս ու գոհություն է:

<<Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշեիս:

Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները…

Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ, եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ…>>:

Դրամատիզմին միախառն ցավի ու կարոտի, նաև ապագա հատուցման հույսով ու հավատով լեցուն այս տողերը, որ բովանդակային խորքով իրենց արտահայտությունն են գտել լիստյան հոգևոր հարմոնիայում, ավարտվում են փառաբանության վերջերգով: Չափազանց գեղեցիկ այս ստեղծագործություն նույնչափ սքանչելի կատարումը հմայում է երևանյան դահլիճը՝ իր վսեմաշունչ հնչողությամբ, ոգեղենությամբ և անանձնական ապրումների և նվիրման անկեղծությամբ:

Այս տողերն են արդեն շատ տասնամյակներ անց նաև արձագանքել Կոմիտասի հոգում, երբ ինքը նույնքան հուզականությամբ անդրադարձել է Դավթի թիվ 137-երորդ սաղմոսին… Հոգեհոսք, որ հաղորդվում է ստեղծագործությունից ստեղծագործություն, գրական տեքստից դեպի կտավ ու մեղեդի՝ շրջանցելով տարածության և ժամանակի վիհը, քանզի հավերժական գեղեցկի ու կատարյալի հանդեպ սահմաններն անկարող են…

Լիստի հոգևոր ստեղծագործություններից Հայաստանում առաջին անգամ հնչում է ևս երկու ստեղծագործություն՝ երգեհոնի նվագակցությամբ. նվագում է Թերեզա Ոսկանյանը: Զոհի՝ խաչյալի մասին մտածումներով՝ “Tantum ergo”-ն և ի պաշտպանություն զոհի՝ ”O Salutaris Hostia”-ն՝ երգում են կանացի ձայները, և հոգևորի մասին մտածումները յուրովի ապրում է ամեն մեկը, որ ներկա է դահլիճում. ամեն մեկն ունի իր օրհնանքը, խնդիրքը, ակնկալիքը: Եկել է սեփական ես-ի, խղճմտանքի հետ առանձնանալու և անկեղծության պահը…

ՀԻՄՆ ԱՌ ՄԱՆՈՒԿ

Եվս մի անակնկալ. այս անգամ Լամարթինի բանաստեղծական տողերով գրված “Hymne de I’enfant a’ son re՛vel“ ստեղծագործությունն է, որ կատարում է <<Նշխարքը>>՝ երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի և տավղահար Ժաննա Հովհաննիսյանի նվագակցությամբ: Լիստը, որ Մեծ ընթերցող էր և պոետական հույզերից քաղած զգացողությունների ու մտորումների հենքի վրա բազում երաժշտական գոհարներ է երկնել, բնականաբար, դիմել է նաև իր ժամանակների խոշոր բանաստեղծներից մեկի ստեղծագործությանը:

Լամարթինի բանաստեղծությունների տրամադրությանն ու խոհականությանը համահունչ լիստյան նվագները խոհ են ու զգացմունք, որ ամփոփված են կոմպոզիտորի <<Պոետիկ և հոգևոր հարմոնիաներ>> շարքում: Լամարթինյան այս տողերը, թերևս կարող են բանալի հանդիսանալ՝թարգմանելու այն տրամադրությունը և մտածումը, որ հաղորդում է լիստյան երաժշտությունը:

Որտեղի՞ց է գալիս, օ՜, Աստվա՜ծ, այս խաղաղությունը, որն ինձ ողողել է,
Որտեղի՞ց է այս հավատը, որով սիրտս լեցուն է,
Ես, որ մինչ այս անվստահ էի և անհանգիստ
Եվ կասկածի ալիքների վրա, որոնց քամիները տարուբերում էին,
Փնտրում էի ճիշտը, լավը իմաստունների երազներում,
Եվ խաղաղությունը սրտերում, ուր թնդում էր փոթորիկը.
Հազիվ իմ ճակատին մի քանի օրեր սահեցին,
Ինձ թվում է՝ թե անցել է մի դար ու աշխարհ,
Եվ որ նրանցից բաժանված մի մեծ անդունդով
Մի մարդ է իմ մեջ ծնվում և վերսկսում…
(թարգմանությունը՝ Սեդրակ Երկանյանի)

<<Ի՞նչ է հարմոնիան,- գրել է Լամարթինը:- Հարմոնիան զարթոնք ապրող պատանությունն է, երազող սերը: Դա մխիթարություն բերող բնությունն է, հարմոնիան մտքի աշխատանքն է, կյանքի բոլոր արձանքները զգայուն սրտում: Հարմոնիաները … Դրանք այնքան են, որքան մարդկային հույզերի անսահման բախոցները>>:

Բանաստեղծությունը և նրա հենքի վրա կառուցված երաժշտական ստեղծագործությունը, առաջին հայացք, մանկանց, բնության զարթոնքի մասին է. սակայն լիստյան ձեռագիրն այստեղ ևս բազմաշերտ է, <<մարդկային հույզերի անսահման բախոցներով լեցուն>>՝ խորը խոհական. դարձյալ իրական, շոշափելի թվացող երաժշտական պատկերների միջոցով երաժշտի և հեղինակի միստիկ մտածումներն են շարադրված. զարթոնքի կերպավորմամբ մանուկ Քրիստոսն է, և ունայնության, մենության ու աշխարհից հրաժարվելու մտածումները տեղի են տալիս՝ զիջելով հրճվանքին և օրհներգությանը, որ հավերժացել է երաժշտության լեզվով…

Մարդկային հույզերի անսահման բախոցներն այս համերգային երեկո ունկնդրեց Հասմիկ Սարգսյանը

Հ.Գ. Սեդրակ Երկանյանի և իր ղեկավարած՝ հնագույն երաժշտության <<Տաղարան>> համույթի այս, ինչպես նաև առաջիկայում կայանալիք համերգների ողջ հասույթը տրամադրվելու է Արցախի հայոց բանակի կարիքներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20