«Մենք ենք տերը մեր երկրին» պիկետ կանցկացնի նախագահական առանձնատան մոտ

- in Հասարակություն
Dacha karavarakan amaranoc

Մայիսի 13-ին ժամը 18:00-ին հավաքվում ենք Բաղրամյան – Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ Մարշալ Բաղրամյանի արձանի մոտ (Մեծ Բրիտանիայի դեսպանատան հարևանությամբ), որտեղից ժամը 19:00-ին երթով շարժվելու ենք դեպի Պռոշյան փողոցի վրա գտնվող Նախագահական առանձնատուն: 

Ձգտելու ենք այնտեղ մնալ և շրջափակված պահել նստավայրը այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները՝ դրանով մեր քաղաքացիական անհնազանդությունն արտահայտելով Նախագահի ինստիտուտի անգործության վերաբերյալ:

Մեր պահանջները անփոփոխ են, դրանք հրապարակվել էին մի քանի շաբաթ առաջ:

Եթե Բ26 հրաժարվի կատարել մեր պահանջները կամ դիմի ապօրինի ուժի, ապա մենք զուգահեռաբար սկսելու ենք մեկ այլ գործընթաց, որը պետք է հանգեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականին և իշխանության նոր մարմինների ձևավորմանը, այդ թվում՝ հանրային վերահսկողության խորհուրդ և համաձայնության կառավարություն, որոնք կապահովեն իշխանությունների փոփոխման անցնցում գործընթացը:

Հանրային վերահսկողության խորհուրդ ձևավորելու ուղղությամբ մեր առաջին քայլն ենք համարում հանրային վստահություն ունեցող անձանց շրջանակի պարզումը, այսինքն՝ այն անձնաց, ովքեր ունեն որոշակի հանրային վստահություն, ցանկանում են և պատրաստ են համատեղել իրենց ջանքերը երկիրը հնարավորինս անցնցում այս վիճակից դուրս բերելու գործում: Այս խորհրդի հնարավոր անդամներին ռեյտինգային քվեարկությամբ ընտրելու ենք բոլորս ֆեյսբուքյան մեր էջում:

Ակցիան նշանակվել է մայիսի 13-ին, քանի որ մեզ անհրաժեշտ է մի քանի շաբաթ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար: Այս ժամանակը բոլորս պետք է արդյունավետ օգտագործենք և իրազեկենք հնարավորինս շատ քաղաքացիների: Մեզանից յուրաքանչյուրը կարող է տպել և բաժանել թռուցիներ ինքնուրույնաբար կամ խմբով և կատարել այլ տեսակի իրազեկումներ: Չմոռանանք նաև հրավիրել մեր ընկերներին ֆեյսբուքով, նաև շարունակում ենք ինքնակազմակերպված խմբերի ձևավորումը:

Ակցիայի մյուս մանրասմաների մասին հետագայում կտեղեկացնենք մեր էջում: Կրկին հիշացնենք, որ որևէ անձ, այդ թվում՝ ակցիային ելույթ ունեցող անձինք, իրավասու չեն փոփոխել մեր պահանջները կամ նախաձեռնության անունից հայտարարություն անել:

Հիշեցման կարգով – Մենք պահանջում ենք Բաղրամյան 26-ից՝

1. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Պահանջում ենք Բ26-ից պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ դեմ է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը և տարածքային որևէ զիջումների չի գնալու:

2 Այս ընթացքում քանի դեռ ՀՀ պահպանում է ստուտուս քվոն Արցախում, Բ26 պետք է իրականացնի պետական կառավարման համակարգի առողջացման հետևյալ նվազագույն քայլերը՝

2.1. Պետբյուջեից անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական ԱՄՆ դոլարի չափով:

2.2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:

2.3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:

2.4. Նշված ցանկում ընդգրկված օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, այդ թվում՝ Սաշիկ Սարգսյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Կճոյան, Գագին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Մայրապետյան, Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան, Ֆլեշի Բարսեղ, Նարեկ Սարգսյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան, Սուրիկ Խաչատրյան, Հրանուշ Հակոբյան, Արթուր Ջավադյան, Խաչատուր Սուքիասյան, Վարդան Օսկանյան, Գորիկ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Գագիկ Հարությունյան, Ռոբերտ Նազարյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, Աշոտ Աղաբաբյան, Էդուրադ Շահմազանով, Արմեն Աշոտյան, Բաբլոյան, Արթուր Բաղդասարյան, Լյովա Խաչատրյան, Կարեն Կարապետյան, Սամվել Նիկոյան, Գագիկ Ջհանգիրյան, Հովհաննես Սահակյան, Սերգո Կարապետյան, Դավիթ Լոքյան, Միհրան Պողոսյան և ուրիշներ (ընդհանուր 50 հոգի՝ ընդհանուր 250 մլն ԱՄՆ դոլար): Հավաքագրված դրամական միջոցները պետք է մուտքագրվեն պետբյուջեի հատուկ հաշվեհամարին և դրանց ծախսումը իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Հավաքագրված այս գումարի առնվազն կեսը պետք է ներդրվի պաշտպանական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ֆոնդի մեջ, որը ծախսումները իրականացնելու է մրցութային կարգով: Այս ֆոնը գումարներն ուղղվելու են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պաշտպանական համակարգեր մշակելուն: Առկա է մանրամասն նախագիծ Հանրային վերահսկողության խումբ ձևավորելու և դրա ընթացքի վերաբերյալ:

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնություն

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20