Մերկելի կուսակցության վարկանիշը հասել է 2011 թվականի նվազագույն մակարդակ

- in Ընտրություններ
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) քաղաքական վարկանիշն ընկել է մինչև 33 տոկոս, ինչը 2011 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Այսպիսին են 1011 մարդու մասնակցությամբ ապրիլի 22-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացրել է Infratest dimap ծառայությունը։

Երկրում իր ժողովրդականությամբ երկրորդը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 21 տոկոս։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունից եվրասկեպտիկներն այսօրվա դրությամբ կստանային ընտրողների ձայների 14 տոկոսը, «կանաչները»՝ 12 տոկոսը։

Սոցիոլոգների տվյալների համաձայն՝ Գերմանիայի բնակիչների 47 տոկոսը հավատում է, որ ներկայիս կառավարությունը կարող է բնակչությանը զերծ պահել ահաբեկչական գրոհներից: 46 տոկոսը վստահ է, որ պաշտոնական Բեռլինը հսկողության տակ է պահում փախստականների հետ կապված իրադրությունը:

Հենց միգրացիոն ճգնաժամի ֆոնին Մերկելի կուսակցության վարկանիշն սկսեց կրճատվել դեռ անցյալ տարվա երկրորդ կեսին: Այժմ նրա ժողովրդականության վրա ճնշում է գործադրում հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի շուրջ ծավալված սկանդալը, որը եթերում վիրավորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20