Միհրան Պողոսյանը «գրկել» է Ալիեւին ու քաշել օղակը

Mihran Poghosyan

lragir.am. Հայաստանի հանրային շրջանակները օֆշորային աղմուկի պատճառով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականն այդքան չքննարկեցին, որքան այդ մասին նրա հայտարարության այն հատվածը, որտեղ նա հրաժարականի պատճառ է ներկայացնում Ալիեւի անվան կողքին Հայաստանի անուն չտեսնելու հայրենանվեր ձգտումը: Ինչպես հայտնի է, օֆշորային աղմուկի մեջ շոշափվում է նաեւ Ալիեւի հաշիվների մասին տեղեկությունը:

Միհրան Պողոսյանի այդ ձեւակերպումը հանրության մի մասն ընդունել է զավեշտով, մեկ այլ մաս՝ զայրույթով, դա համարելով ցինիզմի դրսեւորում հանրության եւ օրենքի առաջ: Բայց ընդհանուր առմամբ նկատելի է, որ Պողոսյանի հայրենասիրական քայլը մնացել է չնկատված ու չգնահատված:

Պողոսյանն իր հայտարարությամբ կատարել է մի քայլ, որը գործնականում հավասարազոր է հակառակորդին իր հետ միասին նռնակով պայթեցնելու շրջապատված հերոս խիզախ քայլի: Միհրան Պողոսյանը փորձել է Ալիեւին պայթեցնել իր հետ միասին: Դա փաստացի մահապարտություն է հանուն հայրենիքի, ոչ թե հրաժարական:

Ինչն է խնդիրը, քայլի բուն էությունը: Հատկապես անցնող քառօրյա պատերազմը առավել քան հստակ ցույց տվեց, թե Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանն ինչ ահռելի սպառնալիք է կոռուպցիան պետական կառավարման համակարգում: Հետեւաբար, կոռուպցիայի վերացումը, դրա ամեն մի դրվագը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդմանն ուղղված կարեւոր քայլ է:

Ստացվում է, որ Ալիեւը իր կամքից անկախ նպաստում է հենց այդպիսի մի փոքր դրվագի՝ կոռուպցիոն աղմուկի հերոս դարձած հայ պաշտոնյայի հրաժարականին: Ասել է թե, Ալիեւը նպաստում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրացմանը, թեկուզ այդ փոքր դրվագով:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի Ադրբեջանում, եթե այնտեղ իմանան, որ Ալիեւը նպաստում է Հայաստանում կոռումպացված պաշտոնյաների հրաժարականին, այսինքն Հայաստանում նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին: Եթե Ադրբեջանում տեղեկանան նրա այդ դերակատարման մասին, ապա Ալիեւն կհռչակեն Ադրբեջանի դավաճան եվ ոչ միայն կքշեն իշխանությունից, այլ կենթարկեն նաեւ քրեական պատասխանատվության:

Ահա թե ինչու է Միհրան Պողոսյանն իր հրաժարականի պատճառ հռչակել հենց Ալիեւի անունը: Դրանով նա «գրկել» է Ադրբեջանի նախագահին ու քաշել «նռնակի» օղակը:

Եվ եթե Ադրբեջանում Ալիեւին մինչեւ հիմա չեն քշել իշխանությունից ազգային դավաճանության համար, ապա պատճառը ըստ ամենայնի այն է, որ Միհրան Պողոսյանի հրաժարականի տեքստը չի թարգմանվել ադրբեջաներեն ու բավարար չափով չի տարածվել այդ երկրում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20