Միհրան Պողոսյանի «համեստ» ունեցվածքն ու բիզնեսները

Mihran Poghosyan

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել՝ իր անվան հետ կապված օֆշորային սկանդալի պատճառով:

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ»  (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Armtimes.com-ը ներկայացնում է Միհրան Պողոսյանի ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը, որը նա ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

2015 թվականի սկզբի դրությամբ Պողոսյանն ունեցել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար եւ 12 հազար եվրո, իսկ տարվա վերջում դրանք դարձել են 22 միլիոն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նախկին գլխավոր հարկադիր կատարողի եկամուտները գոյացել են աշխատավարձից եւ վարձակալությամբ տված գույքի դիմաց ստացած վճարումներից: Միհրան Պողոսյանի աշխատավարձը կազմել է 12 միլիոն 359 հազար 309 դրամ, իսկ անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 5 միլիոն, 2 միլիոն, 2 միլիոն եւ 1 միլիոն դրամ: Նրա եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել է 22 միլիոն 359 հազար 309 դրամ:

Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանն էլ նախորդ տարի 70 հազար ԱՄՆ դոլարով Range Rover Sport տեսակի ավոտմեքենա է գնել, իսկ հայտարարագրել է ընդամենը երկու միլիոն դրամ: Նկատենք, որ Կարինե Մխիթարյանը ոչ մի տեղ չի աշխատում, իսկ գնած մեքենան էլ վարում էր Միհրան Պողոսյանը:

Բացի հայտարարագրերից Միհրան Պողոսյանի անվան հետ է կապվում «Քեթրին» ընկերությունը, որը արեւադարձային մրգերի ներմուծմամբ է զբաղվում: Հայաստան բանանի ներկրման մենաշնորհը պատկանում է այս նույն ընկերությանը, որը 1997 թվականին հիմնադրել է Միհրան Պողոսյանը: Վերջինիս հիմնադրած ընկերությունը Հայաստանի 1000 խոշոր հրկատուների ցանկում 100-րդ տեղն է զբաղեցնում: «Քեթրին» ընկերությունը 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 1 միլիարդ 207 միլիոն 487 հազար դրամ հարկ:

2014 թվականին էլ հայտնի դարձավ, որ Միհրան Պողոյանը գնել է Ծաղկաձորում գտնվող Կեչառիս հյուրանոցային համալիրը: Նույն տարում նա դատարան էր դիմել, որպեսզի քաղաքացի Գեւորգ Աֆանդյանից հօգուտ իրեն բռնագանձեն պարտքով տված 5 միլիոն 146 հազար 842 դոլարը: Հետագայում հենց Միհրան Պողոսյանն է հաստատել, որ նախկին Սթար սուպերմարկետի սեփականատերն է իրեն պարտք, որը գոյացել է վարձակալության դիմաց չվճարած գումարներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20