Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում կմնան այնքան, որքան պետք լինի

- in Հասարակություն
James Uorlik

ԵԱՀԿ-ն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացնել նոր հատուկ նիստ, եթե իրավիճակը վատթարանա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբերտո Զանիերը:

«Մենք հատուկ նիստ ենք անցկացրել երկուշաբթի: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում բոլոր հարցերը: Երեկ խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Հաջորդ շաբաթ ևս այն կքննարկենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է Զանիերը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոր հատուկ նիստը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, «երբ նրանք վերադառնան» տարածաշրջանից:

«Իհարկե, եթե այնտեղ իրավիճակը կրի բացասական բնույթ, մենք պետք է անցկացնենք հատուկ նիստ: Հակառակ դեպքում, մենք դեռևս մինչ համանախագահների ժամանելը ոչինչ չենք ծրագրել»,- նշել է Զանիերը:

Միաժամանակ, վերջինս ավելացրել է, որ համանախագանները տարածաշրջանից կմեկնեն Բեռլին, իսկ հետո ԵԱՀԿ, մի քանի շաբաթից:

«Նրանք այժմ տարածաշրջանում են և այնտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի հստակեցնեն հետագա քայլերը և տեսնեն՝ ինչ է անհրաժեշտ անել: Այնուհետև նրանք ամեն ինչ պետք է զեկուցեն նախագահին: Այնպես որ, կարծում եմ՝ նրանք կմեկնեն Բեռլին, իսկ հետո իրենք կորոշեն երբ ժամանել Վիեննա»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20