Միջազգային հանրությունը ԼՂ և Ադրբեջանի միջև հրադադարի համար միջոցներ պետք է ձեռնարկի

- in Պաշտոնական
Seyran Ohanyan

Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ:

Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում: Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ:

Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20