Մոսկվան ու Անկարան սկսում են. Թուրքիայի քայլերը կբավարարե՞ն Մոսկվային

- in Հրապարակ
Inqnatir

Թուրքիայի մեջլիսի պաշտպանական հանձնաժողովը քննարկել է 2012-ի դեկտեմբերին Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը, որը Ռուսաստանի տարածքում զոհված և հուղարկավորված թուրք զինվորականների և Թուրքիայի տարածքում զոհված ու հուղարկավորված ռուս զինծառայողների համար հուշարձան կանգնեցնելու հնարավորություն է ապահովելու:

Պայմանագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 3-ին, սակայն մինչ այսօր կիրառության մեջ չի մտել: Նշվում է, որ պայմանագրի կիրառման հետ կապված գործողությունները համակարգելու և ընդհանուր որոշում պահանջող թեմաները քննարկելու համար ստեղծվելու է ընդհանուր հանձնաժողով:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Թուրքիայի իշխանությունը ձերբակալել է Ալփասլան Չելիքին, ով իր վրա էր վերցրել Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուի սպանությունը: Մինչ այդ, Չելիքը ազատորեն բնակվում էր Թուրքիայում:

Փաստացի, Թուրքիան ժեստեր է արել Ռուսաստանի կողմ՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այս ֆոնին, ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին վերականգնել համագործակցությունը տարածաշրջանային խնդիրները լուծելու համար:

Նա ասել է, որ չնայած ինքնաթիռի խոցումից հետո հարաբերությունների լարվածությանը, տարածաշրջանի խնդիրներն անհրաժեշտություն են դարձնում համագործակցության վերականգնումը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կգնահատի այդ անհրաժեշտությունը:

Ռուսաստանում գնահատում են այդ անհրաժեշտությունը, ինչի վկայությունը ռուս տարբեր մակարդակների պաշտոնյաների ու քաղաքական գործիչների վերջին շրջանի հայտարարություններն են: Նրանք ասում են, որ Թուրքիան չի կարող առանց Ռուսաստանի: Թուրքերն էլ ասում են, որ Ռուսաստանը չի կարող առանց Թուրքիայի:

Ըստ էության, նրանք նույն բանն են ասում: Ասում են ճշմարտությունը, որը փորձված է նաեւ պատմությամբ: Այս երկու երկրները միշտ ունեցել են միմյանց կարիքը հատկապես պատմական այն փուլերում, երբ հայտնվել են «իզգոյի» վիճակում: Այդպես էր 20-րդ դարասկզբին, այդպես է 100 տարի անց, մեր օրերում:

Դժվար է ասել՝ Թուրքիայի այս քայլերը կբավարարե՞ն Մոսկվային, թե ոչ, բայց այս երկու պետությունները դատապարտված են համագործակցության: Սովորաբար, անհաղթահարելի խոչընդոտների պարագայում, նրանց համագործակցության հարցը լուծվում էր զինված հակամարտության միջոցով, որը հնարավորություն էր տալիս հանգուցալուծել նախկին բոլոր խնդիրները՝ առանց «դեմքը կորցնելու»:

Չի բացառվում, որ այս անգամ, «տարածաշրջանային հարցերը» համատեղ լուծելու համար նրանք կարող են գնալ «անուղղակի» զինված դիմակայության՝ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսմանը, որով կլուծեն միանգամից մի քանի խնդիր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20