Նավթի գների անկման պատճառով ԴԱԻՇ-ի եկամուտները նվազել են

- in Տնտեսական
DAISH

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման եկամուտներն անցած տարվա կեսերից կրճատվել են 30 տոկոսով։ Դա կապված է նավթի գների կրճատման հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով էներգետիկայի ոլորտի IHS Global Inc խորհրդատվական ընկերության զեկույցին։

Համաձայն փաստաթղթի՝ անցած տարի կազմակերպության եկամուտները կազմել են 80 մլն դոլար, մինչդեռ այս տարի՝ 56 մլն դոլար։ Բացի դրանից՝ 1/3-ով կրճատվել է նավթի արդյունահանման մակարդակը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ օրական 33 հազար բարելից հասնելով 21 հազար բարելի։

«ԴԱԻՇ-ի ազդեցությունը նախկինի պես ուժեղ է մնում տարածաշրջանում, սակայն գրոհայինների եկամուտների մակարդակի զգալի անկման պատճառով երկարաժամկետ հեռանկարում ավելի ու ավելի կբարդանա զբաղեցրած տարածքների կառավարումը»,- հայտնում են վերլուծաբանները։

Հաղորդվում է նաև, որ 2014 թվականից ծայրահեղականների վերահսկողության տակ գտնվող տարածքները նվազել են 22 տոկոսով։

Զեկույցում նշվում է, որ ԴԱԻՇ-ը եկամուտների կեսը ստանում է հարկումից և զավթված տարածքների բնակչության ունեցվածքի առգրավումից, 43 տոկոսը՝ նավթի վաճառքից, մնացածը՝ թմրանյութերի մաքսանենգությունից, էլեկտրաէներգիայի վաճառքից և նվիրատվություններից։

Spread the love