Ներքին թշնամին, եթե ժամանակին չես չեզոքացնում, դառնում է հավերժ

- in Հասարակություն
Hayastan

1919-1920 թթ. Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը իր հուշերում գրում է, որ Հայաստանի առաջին Հանրապետության գոյության համար արտաքին թշնամուց առավել վտանգավոր էր ներքին թշնամին: Նա մատնանշում է դրա երկու տարատեսակը` գողն ու դավաճանը: Բերենք որոշ հատվածներ այդ օրերի մամուլի էջերից և փաստաթղթերից:

1. <<…Ոչ մի բան չի կասեցնում մեր երկրի ինքնապաշտպանության գործը այնպիսի ահավոր չափերով, որքան որ պաշտոնյաների սաբոտաժը: Այդպիսիները պիտի կրեն դաժանագույն պատիժներ , որպես հայրենիքի դավաճաններ>>: (Յառաջ, No 242, 1920 թ. խմբագրական):

2. <<…Կա մի ուրիշ խմբակ, որ առանց դուլ ու դադարի, միմիայն իր անիծյալ գրպանի շահի համար փորփրում է մեր պետության հինքերը և անդարմանելի հարվածներ հասցնում մեր պետության և ժողովրդի ֆիզիկական գոյության: Չարաշահների, առևտրականների խմբակն է այդ, որոնց ամբողջ մտածողությունը, գիշերվա ու ցերեկվա մտահոգությունն է, որքան կարելի է շատ դիզել և ուրիշների աղքատության, երկրի սնանկության և հայրենիքի ավերակների վրա կանգնեցնել իրենց համար դղյակներ…Ինչ տեղի է ունենում մեր երկրում, չունի չափ ու սահման և հասել այլևս հրեշավոր համեմատությունների…Ապահով անկյունում նստած մարդիկ, որոնց համար հայրենիք և ժողովուրդ կոպեկի արժեք չէին ներկայացնում, ամեն օր չարաշահության նորանոր ուղիներ են հարթում իրենց համար…>> (Յառաջ, No 257, 1920 թ. խմբագրական):

3. <<…Այդ մարդկանց նպատակն է, իհարկե, որ Հայաստանը…ներքնապես և զինվորապես բոլորովին քայքայվի և թուլանա:>> Խոսքը Հայաստանում գործող ռուսական գործակալ հայերի մասին է, սեպտեմբեր, 1920 թ.

4. <<Գրեթե բոլոր զորամասերը հետ են ուղարկում զինվորական կոշիկները` դրանց փոքր չափսերի պատճառով>>: Գեներալ Սիլիքովի`հայկական բանակի մատակարարման պետին ուղարկած պաշտոնական նամակից, 3 հոկտեմբերի, 1920 թ. Հարցը նրանումն էր, որ <<Զինկոշիկ>> միավորումը բանակին մատակարարել էր պատանեկան տարիքի տղաների ոտքերին հարմար մի քանի հազար զույգ զինվորական կոշիկ, ինչի պատճառով Ալեքսանդրապոլ-Կարս հատվածի զինվորականությունը հոկտեմբեր ամսին փաստորեն մնացել էր ոտաբոբիկ: Հայաստանի Ազգային Արխիվ, Ֆոնդ 280, ցուցակ 2, գործ 35, թերթ 54, 56:

5. <<Շիրակի նահանգում` Աղբաբայի տարածքում, բանակը տեղի թուրքերից գնել էր մոտ 600 առողջ ձի` հեծելազորի համալրման համար: Ձիերի հավաքումն ու տեղափոխումը պետք է իրականացներ Շիրակի նահանգային միլիցիան: Առողջ ձիերին բանակին հասցնելու փոխարեն հայ պաշտոնյաները Աղբաբայի թուրքերից բռնի ուժով խլել են առողջ ձիերին` փոխարենը նրանց տալով բանակի համար ոչ պիտանի ծեր կամ տկար կենդանիներ և ստիպել թուրքերին, որ դրանք տանեն և հանձնեն հայկական բանակին: Երբ զինվորականներին պարզ է դարձել այս սաբոտաժը, նրանք փորձ են արել ակնհայտ փաստով պատասխանատվության կանչել միլիցիայի պաշտոնյաներին: Սրանք կազմակերպել են ձիերի փախուստը նրանց հավաքատեղից և գործն այդպիսով <<ջրվել է>>: Իսկ հայկական հեծելազորն ու քարշային հրետանին պատերազմական իրավիճակում մնացել են հետիոտն:>> Հայաստանի Ազգային Արխիվ, Ֆոնդ 201, ցուցակ 1, գործ 98, թերթ 87:

6. <<Վերադարձնելով Ձեզ աղահանքի պաշտօնեաների-Ասօեանի և ուրիշների պաշտօնից հեռացնելու գրագրութիւնը, պատիվ ունեմ հաղորդելու, որ մի շարք պաշտօնական և մասնավոր մարդիկ պետական աղը դարձրել էին առևտուրի նիւթ…>> Կարսի նահանագապետի` ներքին գործոց նախարարին ուղղված նամակից: Հայաստանի Ազգային Արխիվ, Ֆոնդ 201, ցուցակ 1, գործ 294, թերթ 279:

Պատկերը, մեր կարծիքով, բավական ծանոթ է: Եվ ամենևին հարկ չէ ճշգրիտ իմանալ այդ օրերի պետական հանցագործների ու դավաճանների անունները: Վերը նշված պետական հանցագործությունների <<իդենտիֆիկացման>> համար մեկը-մեկին կարելի է օգտագործել մեր այսօրվա պատգամավորների, պետական բազմաթիվ այլ պաշտոնյաների, ոստիկանության, այլ իրավապահների, իբր <<ձեռներեցների>>, Հայաստանի հարկատուների հաշվին ապրող և այլ պետության շահերը սպասարկող տարաբնույթ ու տարատեսակ գործակալների բոլորիս հանրածանոթ կերպարները:

Բայց այս օրերի և <<այն>> օրերի միջև կա մի էական տարբերություն: Նույն Ստեփան Ղորղանյանը խոստովանում է, որ իշխանությունը <<գողերի դեմ անզոր էր>>, իսկ <<դավաճաններն էլ թաքնված էին գործում>>: Այսօր իշխանությունը ոչ գողերի դեմ պայքարելու խնդիր ունի, և ոչ էլ դավաճանների բացահայտման անհրաժեշտություն: Քանզի երկուսն էլ հավաքված են մի տեղ`իշխանական կառույցներում:

Առաջին Հանրապետության կառավարությունը իր գործունեության վերջին ամիսներին կոռուպցիոն տարբեր գործունեությունների համար նույնիսկ մահապատիժ սահմանեց: Բայց չափազանց ուշ էր: Պետականության հիմքերը ներսից այնքան էին խարխլվել, որ մի թեթև արտաքին քամին էլ բավական եղավ այն ավերակների վերածելու համար:

Այսօր դրանց` այն է իշխանության, պատիժն ու առհասարակ ապագան որոշողը ոչ թե մի ինչ-որ վերացական մեկ այլ <<իշխանությունն է>>, այլ հենց ինքը, ժողովուրդը: Այն ժողովուրդը, որը բացահայտորեն ցույց տվեց ու ապացուցեց, որ պետությունն ու պետականությունը որպես գերագույն արժեք արտաքին ոտնձգություններից պաշտպանելու հարցում նա շատ ու շատ առաջ է գնացել իր սեփական իշխանությունից, և այդ հարցում իշխանությունը բացարձակ անհամարժեք է իր ժողովրդին: Որ հայ շատ ու շատ գեներալներ անհամարժեք են հայ շարքային զինվորին:

Խոսելով արտաքին թշնամու մասին, մենք միակարծիք ենք, որ պետք է ընկճել, ծնկի բերել նրան, որ կարողանանք անվտանգ ու իրոք ապահով կեցություն ապահովենք մեզ և մեր սերունդներին: Հակառակ դեպքում հակառակորդը նորանոր ավերածություններ կպատճառի և նորանոր կյանքեր կխլի մեզանից: Եվ ի վերջո` մեզ հալեցնել-հյուծելով կհասնի մեր նկատմամբ հաղթանակի: Այսինքն, մենք հասկանում ենք որ պատերազմի դաշտում մենք այլ ելք չունենք, քան անցնել հարձակման: Եվ ուշացնելը մեզ է վնաս:

Իսկ ինչպես վարվել առավել վտանգավոր`մեր ներքին թշնամու հետ: Նրան ավելի շուտ անհրաժեշտ է ծնկի բերել, քան արտաքին թշնամուն: Այսօր էլ նրանք չափազանց ճարպկորեն սպեկուլյացիա են անում ժողովրդի վերելքի փաստով, <<հպարտանում են>> ողջ ու զոհված զինվորով, բայց ամբողջ կեցվածքով լկտիաբար հասկացնում և ակնարկում, որ <<այս կյանքում ձեր բաժինը զոհվելն է, մեր բաժինը`ձեր հաշվին կյանք վայելելը>>: Այ սրանց վնասազերծումն է հանդիսանում այսօր առաջնահերթ խնդիրը: Հակառակ դեպքում, ոնց որ դա եղավ առաջին Հանրապետության պարագայում, շատ ուշ կլինի: Հերթական անգամ մենք կհեղենք արյուն, կտանք թանկագին զոհեր, բայց վճռական պահին բանակի, հայ զինվորի հետևում իշխանությունը ուրիշի թելադրանքով կարգելափակի հայկական բանակի առաջխաղացումը: Իրոք, հո մենք դատապարտված չենք միայն հերոսաբար զոհվելով հետ մղել թշնամու հարձակումները:

Ակնհայտ է, որ այս անգամ կրակի դադարեցումը ձեռնտու և խիստ անհրաժեշտ էր Ադրբեջանին: Հայկական կողմը համաձայնվեց դրան` տեղի տալով Ռուսաստանի պահանջին, որը դա ձեռնարկել էր Ադրբեջանի խնդրանքով: Այսինքն ի վերջո ինչ է ստացվում` արդյունքում հայկական կողմը կատարեց այն, ինչը որ պետք էր Ադրբեջանին: Հայ զինվորի հերոսությունն ու կյանքը փաստորեն ի սպաս տրվեց նրան, որ Ադրբեջանը Ռուսաստանից հանկարծ չնեղանա, իսկ Ռուսաստանն էլ Ադրբեջանի աչքում բարձր մնա: Իսկ Հայաստանը.. հերթական անգամ ապացուցի, որ ինքը շահեր չունի, որ նույնիսկ բազմաթիվ զոհեր տալով ինքը առաջնային է համարում Ռուսաստանի շահերը:

Եվ մի բան էլ: Այս օրերին շատ հաճախ, տարբեր առիթներով, տեղի-անտեղի սկսել են օգտագործել <<հակառուսական>> ածականը: Նախ, հակառուսականության իրական որևիցե դրսևորում Հայաստանում չկա, քանզի դրա պատճառները չկան: Երբ այս կամ այն հայ իշխանավորին կամ պետական մի ամբողջ կառույցին ներկայացնում են որպես Ռուսաստանի գործակալ, դա հակառուսականություն անվանելը, առավելևս համարելը, բացահայտ սպեկուլյացիա է: Հայաստանի քաղաքացին ոչ թե իրավասու է, այլ պարտավոր է իր իշխանավորից պահանջել և նրան պարտադրել, որ նա ծառայի իր պետությանն ու հայրենիքին, այլ ոչ թե օտար տերությանը: Հակառակ դեպքում նա պետք է պատասխան տա օրենքի առաջ: Այս օրերին հասարակական զայրույթի սլաքը Ռուսաստանի դեմ ուղղելը ձեռնատու է այդ նույն իշխանություններին: Գրեթե կասկած չկա, որ աննուղղակիորեն հենց իրենք էլ տաքացնում են դա, քանզի զայրութի ալիքն այդ ուղղությամբ ուղղելը իրենց է փրկում այդ ալիքի տակ մնալու վտանգից: Այնպես որ, եթե չչեզոքացնենք իրենց թալանը անարգել շարունակելու հնարավորությունը պահպանելու համար այդ նույն Ռուսաստանին առանց վերջինիս պարտադրանքի, այլ միանգամայն կամավոր լրտեսագրված իշխանական և նաև որոշ հասարակական շերտերը, կլինի այն, ինչ որ եղավ առաջին Հանրապետության պարագայում:

Ի վերջո, հայ հասարակությունը պետք է գա նրան, որ բոլոր նորմալ հասարակությունների նման ինքն էլ չհանդուրժի բացահայտ պետական հանցագործների և դավաճանների գոյությունն ու անպատիժ գործունեությունը:

Եվ եթե արտաքին թշնամին, կամ բարեկամը, հավերժ չեն լինում, ապա ներքին թշնամին, եթե նրան ժամանակին չես չեզոքացնում, դառնում է հավերժ` քո բոլոր ողբերգությունների առաջնային և հավերժ պատճառը:

Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20