Նիկոլ Փաշինյանն ու կուսակիցները Ստեփանակերտում աջակցություն են հայտնել Բակո Սահակյանին

Nikol Pashinyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂՀ նախագահը ներկայացրեց Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները:

Մենք վերահաստատեցինք մեր անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին և պատրաստակամություն հայտնեցինք մեզ հասու միջոցներով աջակցել նրանց:

ՔՊԿ պատվիրակության կազմում էինք՝ Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանը և ես՝ Նիկոլ Փաշինյանս:

Հ.Գ. Հանդիպմանը մասնակցում էր նաև 16-ամյա որդիս, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է հաշվառում անցել զինկոմիսարիատում, որպես զինակոչիկ:

Իսկ Սասուն Միքայելյանը Հրազդանում կամավորների հավաք է ձեռնարկում: Նշեմ նաև, որ երեկ թե Սասուն Միքայելյանը, թե ես հեռախոսազրույցներ ենք ունեցել ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ:

Մենք այս հայրենիքը չենք զիջի ոչ ոքի: Մենք ոչինչ չենք խնայի հանուն Հայրենիքի»,-մասնավորապես գրել է Փաշինյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20