«Նոր Հայաստան»-ը անվտանգության ճգնաժամի հաղթահարման քայլեր է առաջարկում

- in Հասարակություն

Տարածաշրջանում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, որոնց համատեքստում Հայաստանի 25-ամյա անկախ գոյության ընթացքում կատարված ռազմաքաղաքական բացթողումների հետևանքով առաջացած մարտահրավերներն անմիջականորեն սպառնում են հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունները, չճանաչեցին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և, ըստ էության, մեր ժողովրդին թողեցին հակահայկական ատելությամբ տոգորված այդ պետության բարի կամքի հույսին:

Այդ պատճառով առաջացել է երկրի անվտանգության վակուում, որը պետք է լրացվի ազգի հավաքական ներուժի հաշվին: Նման արտակարգ իրավիճակից դուրս գալու համար հայ ժողովրդից պահանջվում է խիզախություն, ինքնակազմակերպում և համազգային ուժերի գերլարում:

Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է լուծել հետևյալ խնդիրները.

1. ապահովել կայուն խաղաղության համար անհրաժեշտ պաշտպանունակություն,

2. ձևավորել լեգիտիմ իշխանություն,

3. հասնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչմանը:
Պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է.

• մեծացնել պաշտպանական համակարգի կառավարման արդյունավետությունն ի հաշիվ կտրուկ կադրային փոփոխությունների,

• պետության ձեռքում կենտրոնացնել անհրաժեշտ նյութական միջոցներ,

• ավելացնել Զինված ուժերի թվաքանակը, առաջին հերթին՝ ոստիկանության զորքերի հաշվին:

Լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.

• անցկացնել նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ,

• մինչ ընտրությունները՝ երկրի անվտանգության ու կայունության և ընտրությունների օրինականության ապահովման համար նշանակել Ժողովրդի վստահության կառավարություն՝ հանրային վստահություն ունեցող քաղաքական և հասարակական միավորումների կողմից առաջադրված թեկնածուներից, • Ժողովրդի վստահության կառավարության ղեկավար ու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար նշանակել բանակի և հանրության մեծամասնության վստահությունն ունեցող անձի:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է.

• քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման ուղղությամբ,

• ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման հարցը,

• ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Արցախի անկախության ճանաչման հարցը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիրքորոշման համաձայն՝ Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ և նրանցից յուրաքանչյուրի կողմից անհատական ու կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքներով ոլորտային և տարածքային կառավարման համար պատասխանատվության իր մասնաբաժինն ստանձնելու պատրաստակամությամբ։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երկրի անվտանգության ապահովման համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստ բոլոր ուժերին առաջարկում է դիտարկել Ժողովրդի վստահության կառավարության ձևավորման նպատակով բանակցություններ սկսելու հարցը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20