Ո՞նց կարող է տարածքները մերը չլինեն

- in Ով ով է ...
Galust Sahakyan

Աժ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Աժ-ում պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադարձ եղավ Ս. Սարգսյան-ՀՀԿ երեկ կայացած հանդիպմանը:

Գ. Սահակյանն  ասաց, որ չի եղել դժգոհություն,  այլ խոսվել է ամեն ինչի մասին՝ և պառլամենտի և նրա գործողությունների, և հետագայում նոր անելիքների, նոր օրենսդրության մասին: «Այնպիսի կտրուկ հարցադրում, որ մեկ հարց է եղել, քննարկվել է, նման մոտեցում չի եղել»:

Նկատողության մասին հարցին պատասխանեց, որ նկատողության խնդիր չկա, որովհետև ոչ թե մարդկանց պատժելու, հավաք էր, այլ փորձելու  հետագայում ավելի բարեկիրթ աշխատելու:

Գալուստ Սահակյանը խոսեց նաև ՀՀԿ-ի բացթողումների մասին. «Իհարկե, բացթողումներից մեկն այն էր, որ արդեն երկու ընթերցում անցած օրենքը, որի միայն վերջին ընթերցումն էր, որը ոչինչ չի տալիս, փաստորեն, դուրս եկավ: Ընդդիմությունն օգտվեց, քվեարկությամբ չանցավ օրենքը՝ չնայած էլի կբերեն: Դա երկու ընթերցումով անցել էր արդեն, երբեք չէի  պատկերացնում, որ վերջում կկարողանան միանալ և քվեարկությանը չմասնակցել: Այսինքն՝եթե մի 6-7 հոգի էլ մասնակցեին, օրենքը կանցներ»:

Գալուստ Սահակյանը չիկարծում, որ այս ամենի պատճառն իր բացակայությունն է, քանի որ բոլորն աշխատում են ավելի լարված, ավելի կայուն, որպեսզի որևէ նման ինտրիգ չլինի: Այն հարցին, թե երբ կվերադառնա աշխատանքի, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը հիմա էլ է աշխատում:

Ինչ վերաբերում է պաշտոնանկ արված պաշտոնյաներին և բացթողումներին, ապա. «Պաշտոնյաների մասին խոսակցություն չի եղել: Չեմ կարծում, որ այս պատերազմական ընթացքում այնպիսի բացթողումներ են եղել, որ այս մասին հասարակությունն անընդհատ խոսում է և մտածում եք, որ ներսում էլ պիտի խոսվի: Խնդիրը հետևյալն էր. Ադրբեջանը զենքը բարձրացրել էր, որպեսզի գրավի Ղարաբաղի որևիցե տարածք, իսկ այս պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակը կարողացել է կայուն պահել իրեն, փաստորեն, ինչի շնորհիվ էլ հարձակումը չի իրագործվել»:

Այն դիտարկմանը, որ բարձրաստիճան պաշտոնյաներին Սերժ Սարգսյանը ազատեց հենց այդ բացթողումները  հաշվի առնելով, Գալուստ Սահակյանն ասաց. «Երկրի նախագահն է, ոչ միայն ռազմական մասում, այլ ընդհանրապես, միշտ էլ հնարավոր է ազատել տարբեր պատճառներով կամ առիթներով»:

Ինչ վերաբերում է նոր պաշտոնանկություններին. «Համենայն դեպս, նման խոսակցություններ չեն եղել»:

Զենքի քիչ լինելու մասին հարցին պատասխանեց, որ մեր զենքը լրիվ տեղում է եղել, բավականին հագեցված է եղել. «Դուք բերում եք այն փաստը, երբ խոսքը 80-ական թվականների զենքի մասին է, որոնք օտարված զենքեր չեն, բավականին կառուցողական են: Առավել ևս՝ մենք ոչ մի հարձակողական գործողության չենք անցել, պարզապես պաշտպանել ենք այն սահմանները, որոնք մեր տիրապետության տակ են»:

Գալուստ սահակյանը  չի կարծում, որ որևիցե դիրք ենք կորցրել. «Դուք այն երկու-երեք տեղերն եք ասում, որն, այսպես ասած, չէի համարի մեզ համար դիրքեր: Բայց նաև  պատերազմ է, հնարավոր է նաև մի երկու դիրքեր կորցնել, հաջորդ անգամ այդ դիրքերը ետ վերցնել: Խնդիրը հետևյալն է, պատերազմը ինչի համար որ  Ադրբեջանը սկսեց, չկարողացավ իր արդյունքներին հասնել»:

Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի` տարածքների մասին նախորդ օրվա հայտարարությանն անդրադռանալով՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Երևի ինչ-որ մի բան է ասել, էդպես եք պատկերացրել,  ո՞նց կարող է տարածքները մերը չլինեն»:

Մարիամ ՄԻՐԶՈՅԱՆ

Spread the love