Ոստիկանությունը որոշ դեպքերում անհամաչափ ուժ է կիրառել

- in Հասարակություն

Հայաստանի ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել խաղաղ հավաքների անցկացմանն ու 2015 թվականի ընթացքում անհամաչափ ուժեր է կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ:

Այս տեղեկատվությունը ներառված է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2015 թվականի տարեկան հաղորդման մեջ, որը հրապարկվել է երեկ:

Ըստ այդմ՝ նախորդ տարի արձանագրվել են ոստիկանության կողմից խաղաղ հավաքների սահմանափակման որոշ դեպքեր, այդ թվում՝ ոչ իրավաչափորեն հավաքի ցրում, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում, նրանց ազատ տեղաշարժի սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ անհարկի բերման ենթարկում: ՄԻՊ-ը խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ 2015թ.-ի ընթացքում ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ և ահազանգեր: Փաստաթղթում նշվում է, որ մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում նշվում է, որ ինչպես հասարակական, այնպես էլ պաշտոնական տարբեր հավաքները կարող են որոշակի անհարմարություններ պատճառել դրանց չմասնակցող անձանց, ինչը հիմք չէ հավաքը դադարեցնելու համար: ՄԻԵԴ-ը, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ հասարակական վայրերում անցկացվող ցանկացած ցույց կարող է որոշակի չափով անհարմարություն պատճառել առօրյա կյանքին, այդ թվում` երթևեկության խափանում առաջացնել, և բոլոր այն դեպքերում, երբ ցուցարարները չեն կիրառում բռնություն, իշխանությունները պարտավոր են դրսևորել որոշակի աստիճանի հանդուրժողականություն խաղաղ հավաքի նկատմամբ:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Բաղրամյան պողոտայի դեպքերին: Ստացվել են բազմաթիվ բողոքներ և ահազանգեր, որ Բաղրամյան պողոտայում «Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման» նախաձեռնության կազմակերպած հավաքը սահմանափակվել է, մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել, որից հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղից էլ որոշ քաղաքացիներ իրենց կամքին հակառակ տեղափոխվել են նարկոլոգիական կենտրոններ:

ՄԻՊ կողմից արձանագրվել է, որ հունիսի 22-ին և 23-ի լույս գիշերը հավաքի մասնակիցների գործողությունները խաղաղ բնույթ են կրել, սակայն նրանց երթը դեպի ՀՀ նախագահի նստավայրի վարչական շենք արգելվել է: Այնուհետև, հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույցը դադարեցվել, ցրվել է ոստիկանության կողմից: Մինչդեռ, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասության սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Նմանատիպ պահանջ բխում է նաև ՄԻԵԴ կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի՝ իրազեկման պահանջների խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքը ենթակա է պաշտպանության, իսկ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։

Ըստ ՄԻՊ զեկույցի՝ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան Բաղրամյան պողոտայում անցկացրած նստացույցի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններին մասնակցել են նաև քաղաքացիական հագուստով անձինք: Մասնավորապես, մամուլում լայնորեն տարածված տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ անձինք կրել են ոչ թե սահմանված ձևի համազգեստ, այլ քաղաքացիական հագուստ: Մինչդեռ, հասարակական կարգի պահպանությունն իրականացնելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Արձանագրվել է, որ որոշ դեպքերում էլ հավաքները ցրվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրմամբ: Ընդ որում, տարբեր հավաքների վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձանց կողմից՝ թե հավաքի մասնակիցների և թե լրագրողների նկատմամբ, որն անհրաժեշտաբար պայմանավորված չէր կոնկրետ իրավիճակով և հանգամանքներով: Ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ նման անհամաչափ ուժի կիրառում է գրանցվել հունիսի 22-23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում: Չնայած նրան, որ ուժի կիրառումից առաջ ոստիկանությունն առաջարկել էր Բաղրամյան պողոտայից հավաքը տեղափոխել Ազատության հրապարակ կամ քաղաքի ոչ բանուկ այլ մաս, սակայն, մի շարք տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում հավաքը ցրելուց հետո Ազատության հրապարակ տեղափոխված հավաքի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ:

ՄԻՊ-ն արձանագրում է, որ նշված դեպքերով ոստիկանության ծառայողների գործողությունները դատապարտող հայտարարություններ են արվել մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, որտեղ արձանագրվում է, որ Ոստիկանության գործողությունները խախտում են հավաքների անցկացման և խոսքի ազատության հիմնարար իրավունքը:

Զեկույցում նշվում է, որ ֆիզիկական ուժի կիրառման համատեքստում անհրաժեշտ է մեջբերել ՄԻԵԴ-ի՝ մի շարք գործերով կայացված վճիռներում տեղ գտած դիրքորոշումները, որոնցում դատարանը նշել է, որ երբ անձն արդեն փաստացիորեն վնասազերծվել է, վերջինիս նկատմամբ ուժի չարդարացված կիրառումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում: Ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում անընդունելի է վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառման դեպքերը:

Անդրադարձ է կատարվել նաև իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ գործադրված բռնություններին: Նշվում է, որ չնայած նրան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը քրեորեն պատժելի արարք է, ստացվել են մի շարք ահազանգեր, որ 2015 թ.-ին Բաղրամյան պողոտայում «Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման» նախաձեռնության կազմակերպած հավաքի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել, որից հետո վերջիններս բերման են ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժիններ: ԶԼՄ-ում տարածված մի շարք տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել մի շարք լրագրողների նկատմամբ: Լրագրողներին տարաբնույթ վնաս է հասցվել, ներառյալ՝ վերցրել են նրանց տեսանկարահանող և այլ սարքերը, վնասել դրանք, նրանք բերման են ենթարկվել հավաքի վայրից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20