Ու՞ր է շեղվում հանրային էներգիան. Քառօրյա պատերազմի դասը

Երեւանում մի խումբ երիտասարդներ պահանջել են արգելել թուրքական ապրանքների ներկրումը: Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նրանք թուրքական ապրանքները նետել են աղբամանը, ցուցադրաբար: Ակցիայի բացատրությունը ավանդական է՝ Թուրքիան Ադրբեջանի բարեկամն է, թուրքական ապրանք գնելով հարստացնում ենք Թուրքիային, նա էլ զինում է Ադրբեջանին կամ օգնում Ադրբեջանին: Այս մոտեցումը Հայաստանում նոր չէ, իսկ նորից հնչել է քառօրյա պատերազմի հասկանալի պատճառով:

Այստեղ իհարկե նաեւ չափազանց տեսանելի են հյուսիսից եկող որոշակի հետքեր, որ ակնհայտ էին պատերազմի հենց առաջին իսկ օրից եւ որոնց նպատակն էր սլաքները բացառապես Թուրքիային ուղղելով Ռուսաստանն ազատել Հայաստանի հասարակության լիովին հիմնավոր հարցադրումներից ու քննադատություններից, կապված ոչ միայն դաշնակցային պարտավորության չկատարման, այլ նաեւ բացահայտ թշնամական գործողության հետ՝ Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոնի սպառազինությունն ուշացրել էր, իսկ այդ ընթացքում պատերազմից մի քանի օր առաջ ամբողջացրել էր Բաքվի հետ մի քանի միլիարդի ռազմա-տեխնիկական գործարքը:

Այդ ամենի մասին իհարկե խոսվեց, անկասկած դեռ կխոսվի, Հայաստանի հասարակությունում այդ առումով տեղի են ունենում բավական առողջ եւ համարժեք տրանսֆորմացիաներ, որոնք փորձ է արվում նենգափոխել «հակառուսականության» մասին հայտարարություններով, որոնք սակայն իրականում Հայաստանի շահի եւ անվտանգության սպասարկման պարզ օրինակ են:

Թուրքական ապրանքների աղբամանում հայտնվելու ակցիան տալիս է նաեւ այլ հարցերի շուրջ խորհելու առիթ: Ինչ խոսք, կարելի է դրանք բոլորն ուղարկել աղբաման, արգելել թուրքական ապրանքի ներկրումը Հայաստան, գնդակահարել ներկրողներին եւ այլն:

Ի՞նչ է շահելու Հայաստանը դրանից: Թուրքիան աղքատանալու՞ է, թե՞ Ադրբեջանն է դադարելու զինվել եւ կրակել: Ակնհայտ է, որ ակցիան Հայաստանից խլում է թեկուզ փոքր հանրային ռեսուրս, երիտասարդական էներգիա, ժամանակ, փոխարենը Հայաստանին չի տալիս ոչինչ՝ ինքնախաբեությունից բացի:

Թուրքիան աշխարհի տնտեսական առաջատարների տասնյակում չէ, բայց մոտ է դրան: Ունի բավական դիվերսիֆիկացված, բազմաբնույթ տնտեսություն: Փաստ է, որ այդ պետությունը կարողացել է արձանագրել տնտեսական շոշափելի ձեռքբերումներ, որքան էլ դա մեզ դուր չգա եւ որքան էլ դրանք ռազմա-քաղաքական առումով դրսեւորվեն նաեւ Հայաստանին ուղղված սպառնալիքի տեսքով:

Այդ կապակցությամբ կոնկրետ քայլերի դեմ Հայաստանն իհարկե պետք է բարձրացնի իր բողոքի ձայնը, միջազգային տարբեր ատյաններում: Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի հասարակական էներգիան պետք է գնա ոչ թե Թուրքիայի հանդեպ «բարոյական» հաղթանակ տանելուն, առավել եւս, երբ Թուրքիան նույնիսկ չի էլ զգա այդ հաղթանակը, այլ Հայաստանի տնտեսությունը զարգացնելուն:

Հայաստանում հանրային, առավել եւս երիտասարդական ամենափոքր էներգիան անգամ պետք է ուղղվի Հայաստանի տնտեսության հզորացմանը, ոչ թե այլ տնտեսության արդյունքը աղբաման ուղարկելուն: Դրանից Հայաստանի տնտեսությունում առավելագույնը կշահեն մի քանի խոշոր հողատերեր, որոնք Հայաստանում իրենց բանջարեղենը կիրացնեն իրենց ուզած գնով:

Մինչդեռ Հայաստանի տնտեսությունն ունի համակարգային ահռելի խնդիրներ, որոնց լուծմանն էլ պետք է ուղղվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հնարավոր ջանքը: Աղբամանները լցնելու փոխարեն, պետք է լցնել Հայաստանն աշխատատեղերով, արդիական հոսքագծերով, տեխնոլոգիաներով, գաղափարներով, լցնել հնարավորություններով, պահանջել, որպեսզի Հայաստանի կառավարությունն անի այդ ուղղությամբ քայլեր:

Հակառակ դեպքում, անընդհատ բարոյական տրտնջոցի ռեժիմում ապրելը, բացի զոհի բարդույթների խորացումից, չի բերում որեւէ այլ բանի: Թե Թուրքիային, թե Հայաստանի շահի որեւէ այլ վտանգի կամ սպառնալիքի հակազդելու համար Հայաստանը պետք է իր բոլոր ռեսուրսները ներդնի զարգացման գաղափարներում եւ նախաձեռնություններում: Ժամանակակից աշխարհում դա է պայքարի տարբերակը, եւ այդ տարբերակով պայքարողներն են, որ հասնում են արդյունքի:

Քառօրյա պատերազմից հետո գերարդիական դարձավ պետական ռեսուրսների մսխման հարցը: Երկարաժամկետ ռազմավարության կտրվածքով պակաս կարեւոր եւ արդիական չէ նաեւ հանրային էներգիայի մսխման խնդիրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20