Պետք է արդար լուծում պահանջելու ուղղությամբ ավելի մեծ եռանդ ներդնենք

- in Մշակույթ

Հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը վստահ է, որ Ցեղասպանության 101-րդ տարում և դրանից հետո մենք պետք է արդար լուծում պահանջելու ուղղությամբ ավելի մեծ եռանդ ներդնենք: «Արմենպրես»-ի հետ զրույցում կոմպոզիտորն անդրադարձավ Հայոց ցեղասպանության տարելիցին:

«Նոր հարյուրամյակ մտանք, և մեզնից դիմադրության ավելի մեծ եռանդ է պահանջվում, նոր ուղիներ պիտի որոնենք` մեր հարցի վերաբերյալ արդար լուծում պահանջելու ուղղությամբ: Նոր հարյուրամյակի սկզբին ինձ ուրախացնում է «Ավրորա» մրցանակաբաշխության անցկացումը: Շատ կարևոր բան է, շատ լավ կլիներ, եթե նման ծրագրերը բազմապատկվեին: Մենք հնարավորություն կունենայինք առավել գործուն ներկայություն ունենալ միջազգային ասպարեզում»,-շեշտեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորի խոսքով` ինքը մի քանի օր առաջ Գերմանիայում էր, որտեղ Մյունխենի կամերային նվագախմբի և Բեռլինի «Ռիաս» կամերային երգչախմբի մասնակցությամբ ձայնագրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Ռեքվիեմ»-ը:

«Ես գնացել էի վերջնական խմբագրումներ անելու: Շուտով ձայնասկավառակի տեսքով կհայտնվի: Միակ գործն է, որ արել եմ այս տարի: Ցավոք, իմ «Ռեքվիեմ»-ն այս և անցյալ տարի Հայաստանում հնչեցվելուն արժանի չեղավ: Շատ ավելի հեղինակավոր երաժիշտներ, երգչախմբեր, նվագախմբեր ուրիշ վայրերում կատարում են դա… Բայց ես դժգոհ չեմ»,- հավելեց Տիգրան Մանսուրյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20