Սաակաշվիլին վստահ է Վրաստանում կայանալիք ընտրությունների հաղթանակում

- in Ընտրություններ
Saakashvili

Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ իր կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում։

«Վրաստանում պետք է ընտություններ անցկացնել, հաղթել, և ես կգամ, կօգնեմ այն մարդկանց, այն թիմին, ովքեր կհաղթեն առանց կորստի, կօգնեմ արագ նախանշել նոր հեռանկարները։ Մինչև ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, և ինձ մոտ խորհրդակցություններ են ընթանում։ Ի դեպ, ինձ մոտ խորհրդակցությունների համար գալիս են նաև Վրաստանի իշխող իշխանությունների ներկայացուցիչները»,- հայտարարել է նա։

Սաակաշվիլիի խոսքով՝ այսօր Վրաստանի քաղաքական կյանքում գոյություն ունեն միայն երկու առաջնորդներ՝ ինքն ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ իր վերադարձը Վրաստան՝ ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո, չի նշանակի փախուստ Ուկրաինայից։ «Ես և իմ թիմը չենք հրաժարվի Ուկրաինայում առաքելությունից, քանի որ դրա զարգացման հեռանկարների ստեղծումը նշանակում է նաև Վրաստանի զարգացման հեռանկար։ Ես ընտրություն չունեմ Ուկրաինայի և Վրաստանի միջև. դա իմ ընդհանուր ընտրությունն է»,- ասել է նա։

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ կարող է Ուկրաինայում ստեղծել քաղաքական կուսակցություն, որը կհաղթի ցանկացած ընտրություններում։ «Ուկրաինայում դրանում չեն կասկածում ո՛չ մեր բարեկամները, ո՛չ էլ մեր թշնամիները»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20