Սեյրան Օհանյանը՝ 80-ականների զենքի մասին

- in Պաշտոնական
Seyran Ohanyan

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին ու Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը 80-ականների զենքով է կռվում:

Նա նշեց, որ ձեռք բերված համաձայնությունը հիմնականում կատարվում է՝ հրադադարի ռեժիմը, բացի մանր-մունր կրակոցներից, պահպանվում է:

«Այսօր Պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կայունացրել է և պատրաստ է ցանկացած խնդիր իրականացնելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է զենքին, նախարարն ասաց, որ հիմնական սպառազինությունը, որը կա աշխարհում, ձեռք է բերվել երկրորդ աշխարհամարտից հետո, կամաց-կամաց զարգանում է: «Նախագահի ասածը կայանում էր նրանում, որ նույնիսկ 80-ականների զենքով այսօր հայկական ստորաբաժանումները պայքարել են, պայաքարում են և կարողանում են իրենց առաջ դրված խնդիրները հերոսաբար լուծել: Դա չի նշանակում, որ այսօր այդ միջոցներից բացի մենք չունենք այլ առաջատար միջոցներ, որոնք հեռահար են, ճշգրիտ են ու ռազմավարական զսպման մեխանիզմի մեջ են: Եթե համեմատում ենք տարածշրջանային սպառզինությունների ծավալը, չեմ կարծում, որ բացի մի քանի միջոցների քանակական առավելությունից, մեր միջոցների մեջ էական տարբերություն կա: Մեր զինծառայողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մեր ձեռքի տակ եղած ողջ սպառազինությունը, այդ պաշարը պատշաճ մակարդակի է և այդ օրերին ապահովել է և պաշտպանություն, և հակառոկրդի ճշգրիտ խոցումը»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև հարցին, թե ահազանգեր կան վիրավոր զինվորի ծնողից, որ անձնագիր են վերցրել՝ բուժման դիմաց: Նա նշեց, որ համապատասխան աշխատակիցը պետք է պատժվի: Բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ բանակի ռազմաբժշկական վարչությունը ընդհանուր մեր առողջապահական համակարգի շրջանակներում ուղղակի հրաշքներ է գործում:

Նախարարը պատասխանեց նաև հարցին, թե ինչպես է ստացվում, որ առաջնագծում կռվում են և նաև զոհվում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այդ խնդիրն առավել ցցուն երևաց վերջին օրերին:

Ըստ նրա՝ այստեղ կան օբյեկտիվ պատճառներ՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, ասպիրանտուրա ընդունվել, գիտական թեզեր պաշտպանել՝ տարկետում ստանալով զինվորական ծառայությունից: Նրանք հիմնականում միջին ու հարուստ ընտանիքների երեխաներն են: Մյուս խնդիրն, ըստ նրա, այն է, որ կարող են թերություններ լինել այստեղ, բայց տարեցտարի վիճակահանությունը փորձում են բարձր մակարդակի վրա դնել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20