«Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ քայլ չանելու դեպքում կապերը կտանեն դեպի իրեն». Ուր կհասնի ԴԱՀԿ-ի պետի հրաժարականը

Mihran Poghosyan

Մինչ Հայաստանում շարունակում են քննարկվել քառօրյա պատերազմի հետեւանքները, կորուստները եւ հնարավոր զարգացումները, «Փանամայի փաստաթղթերում» հիշատակված ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի «հայերանասիրական» մղումներ պարունակող հրաժարականը օդում ճայթռուկի պես պայթեց` առաջ բերելով զարմանք, հարցեր, եւ խոսակցություններ, թե արդյոք հնարավոր է ինչ որ բան փոխվի կոռուպցիայի եւ հովանավորչության մեջ թաղված երկրում:

Որպես ցանցային` հետաքննող լրագրողների միջազգային կոնսուցիումի համատեղ (ICIJ) հետաքննության մասնակից, «Հետք»-ը բացահայտել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի եւ նրա բարեկամների անունները` օֆշորային ընկերությունների փաստաթղթերում: Նրա քեռիների` Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքի անդամների անունները,  եւս այդ ցուցակում էին:

Ըստ «Հետքի» հրապարակման, Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է, շվեցարական բանկերում երկու ընկերության հաշիվները կառավարող միակ անձը: Նրա եւ նրա ընտանիքի անվան հետ են կապվում միլիոնավոր դոլարների արժողությամբ բիզնեսներ:

Ապրիլի 4-ին Միհրան Պողոսյանի մասին հրապարակված գաղտնազերծումներից հետո, թեեւ վերջինս հորիզոնում չէր երեւում, այնուամենայնիվ, շատերը չէին էլ պատկերացնում, թե որեւէ էական փոփոխություն կլինի: Պատճառն առ այսօր հրապարակված գաղտնազերծող բազմաթիվ հետաքննություններն են, որոնք մեծ հաշվով որեւէ հանգուցալուծման չէին բերել:

Այս առումով շատերի համար զարմանալի էր Միհրան Պողոսյանի հայրենասիրական պոռթկումներ պարունակող հրաժարականը:

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,- իր դիմումում նշել է նա։

Միհրան Պողոսյանի հրաժարականի բովանդակությունը ըստ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի` ծիծաղելի է: Միեւնույն ժամանակ նա նշում է, որ նման սպասումներ, թե հրաժարական կլինի` չունեին:

«Նման սպասումներ, որ հրաժարական կլինի մենք չունեինք,-«Մեդիալաբին» ասում է Բաղդասարյանը, ով տեղի ունեցածը բնորոշում է, որպես «հայկական լրատվամիջոցների հաղթանակ»,-Իրականում բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ պետք է տրվեն, եւ հրաժարականով հարցը չպիտի փակվի: Բացահայտումները կան, եւ պիտի տեսնենք թե ինչ քայլեր կլինեն հետո»:

Տրամադրությունները եւ խոսակցությունները ԴԱՀԿ-ի պետի աղմկահարույց հրաժարականի շուրջ բազմազան են: Եթե ոմանք ուրախանում են երկրում հնարավոր փոփոխությունների տեսլկանով, ոմանց համար տեղի ունեցածն իր բացատրությունն ունի:

«Հայ կանանց ճակատի», «Նոր Հայաստանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը նշում է, որ մի քանիսին զոհ տալով, իշխանությունները կփորձեն փակել ժողովրդի աչքերը` հաշվի առնելով ներկա տրամադրությունները:

«Այս առնետը, որը տարիներ շարունակ ժողովրդին կեղեքելով ու երկիրը թալանելով է զբաղվել, այսօր հրաժարական է ներկայացրել վերջին օրերին հաճախ հնչող «կուլակաթափությունից» խուսափելու համար։ Իր  կարողությունները օֆշորում են, ինքն էլ կուղևորվի այնտեղ և հետքն  արդեն չենք կարողանա գտնել։Հարկավոր է հանրային պահանջ ներկայացնել, որպեսզի նրան դուրս չթողնեն երկրից: Նման դեպքերում մի քանի զոհ են տալիս և վերջ։ Հանրությունը պետք է հետևողական ու համառ լինի և չընկնի այդ ծուղակը»,- «Մեդիալաբին» ասում է Սիմոնյանը։

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հրաժարականը կապում է «Պանամագեյթ» անունով մեծ սկանդալի հետ, որում ոչ միայն հայտնվել է Միհրան Պողոսյանը, «այլեւ կարող է հայտնվել Հայատանի բարձրագուն ղեկավարութունը»:

«Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ քայլ չանելու դեպքում կապերը կտանեն դեպի իրեն, որովհետեւ միլիոնավոր դոլարները Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ պետությյունը վերահսկում է ամեն ինչ, կապիտալի ամեն շարժ, չէին կարող հոսել առանց բարձրագույն ղեկավարության անտեղյակության: Թերեւս Սերժ Սարգսյանը այս քայլով իրեն է ապահովագրել հետագա եզարկացություններից, որոնք կարող էին ծանր արժենալ իր համար»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Մարի Ներսեսյան; © Medialab.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20